Հայկական անձնագրի ուժը․ Ինչպես ընդունել Արսեն Զախարյանին ազգային թիմ

Հայկական անձնագրի ուժը․ Ինչպես ընդունել Արսեն Զախարյանին ազգային թիմ

ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից Ռուսաստանի ազգային հավաքականին և ակումբներին միջազգային բոլոր մրցաշարերից չեզոքացնելուց հետո սկիզբ առավ այն պրոցեսը, որի մասին բազմիցս խոսվել էր։ Այս երկրում ելույթ ունեցող հայազգի ֆուտբոլիստները կարիերան փրկելու համար ջանում են ձեռք բերել հայկական քաղաքացիություն և ելույթ ունենալ մեր երկրի հավաքականում։ Նախօրեին ՀՀ քաղաքացիություն ստացավ «Վելես» ակումբի կիսապաշտպան Արթուր Գալոյանը։ Վերջինս հանդես կգա Հայաստանի ազգային թիմում։ Հայկական անձնագիր ստանալու ցանկություն են հայտնել մի շարք այլ ֆուտբոլիստներ։ Մամուլում շատ է խոսվում նաև ռուսական ֆուտբոլի ծագող աստղ 18-ամյա Արսեն Զախարյանին Հայաստանի հավաքական բերելու մասին։ Հիշեցնենք, որ Զախարյանը 4 հանդիպում անց է կացրել Ռուսաստանի ազգային թիմում և ՖԻՖԱ-ի օրենսդրության համաձայն այլևս երբեք չի կարող կրել այլ հավաքականի մարզաշապիկ։ «Ժոֆրեյ Կոնդոգբիայի նախադեպը, ով 5 խաղ անցկացրեց Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում, բայց թույլատվություն ստացավ ՖԻՖԱ-ից փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը եւ ներկայացնել Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունը, շանսեր է բացում Արսեն Զախարյանին տեսնել մեր հավաքականում։ Որքան հասկանում եմ, իր ընտանիքը, մասնավորապես հայրը, պատրաստ է նման քայլի, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՞ն։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ է նաեւ նպաստել նրա տեղափոխությանը որեւէ եվրոպական ֆուտբոլային ակումբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Հիշեցնենք նաև, որ տենչալով խաղալ Ռուսաստանի ազգային թիմում Զախարյանը մերժել էր Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը։ Հայաստանում խաղալու ցանկություն չունեին նաև այն ֆուտբոլիստները, որոնք մեր երկրի անձնագիր ստանալու «հերթ են կանգնել» ։ Չենք կասկածում, որ հայկական անձնագիր ստանալուն պես նրանք հարցազրույցներ կտան, կասեն թե որքան են սիրում իրենց հայրենիքը, որ իրենց համար մեծ պատիվ է կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը և նմանատիպ ծեծված այլ արտահայտություններ։ Իրականում նրանք Հայաստանը, հայկական անձնագիրը, Հայաստանի հավաքականը դիտարկում են միջոց ֆուտբոլային հարթությունում առաջ շարժվելու։ Նույն Արսեն Զախարյանը ռուսական անձնագրով դժվար թե կարողանա կարիերան շարունակել եվրոպական գրանդ ակումբներում։ Միանգամայն ծանր իրավիճակում են նաև պատանի և երիտասարդ ֆուտբոլիստները որոնք խաղում էին Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում։ Այստեղ հարց է ծագում, եթե նույնիսկ ՖԻՖԱ-ն տա իր համաձայությունը, արդյուք ճիշտ կլինի նույն Արսեն Զախարյանին ընդունել մեր ազգային թիմ։ Արդյո՞ք ճիշտ կլինի, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քայլեր ձեռնարկի Զախարյանին հավաքական բերելու ուղղությամբ։ Այս հարցերը թերևս թողնենք անպատասխան։ Պատկերն այսպիսին է․ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներն այսօր գտնվում են ծանր վիճակում։ Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են էապես փոխել իրավիճակը։ Մի կողմ դնելով էմոցիաները մենք պետք է օգտագործենք ստեղծված հնարավորությունը մարտունակ ֆուտբոլային ռեզերվ ստեղծելու։ Ռուսաստանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին հայկական ֆուտբոլային քաղաքացիություն շնորհելը պետք է համարել նաև փոխշահավետ գործարք։ Չմոռանանք որ ժամանակակից սպորտում պրոֆեսիոնալիզմը կարևորագույն գործոններից է։ Այս ամենը սակայն չի վերաբերվում Արսեն Զախարյանին։ Վերջինս Հայաստանի հավաքական բերելու համար պետք է լինի հստակ նախապայման։ Մասնավորապես հայկական ֆուտբոլային քաղաքացիություն շնորհելու գործընթաց պետք է սկսել միայն այն դեպքում երբ Զախարյանը հրապարակավ ներողություն կխնդրի հայ երկրպագունից Հայաստանը մերժելու համար։ Տեղի ունեցող զարգացումների ֆոնին հարկ ենք համարում կրկին հիշատակել մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից Էդուրդ Սպերցյանի օրինակը։ Տաղանդավոր ֆուտբոլիստը ունենալով Ռուսաստանի ազգային թիմում խաղալու բոլոր հնարավորությունները դեռևս 2020 թվականին որոշում կայացրեց խաղալու Հայաստանի հավաքականում։