Նոր նախագահ, թե նոր «զոհ»

Նոր նախագահ, թե նոր «զոհ»

Հայաստանում քննարկվում է հարցը, թե ով է լինելու նոր նախագահ, որ կփոխարինի հրաժարական տված Արմեն Սարգսյանին: Մամուլում շրջանառվում են անուններ, թեև իշխող մեծամասնությունը դեռևս չի ներկայացրել իր թեկնածուին և գուցե թեկնածուի փնտրտուքի մեջ է: Ինչպես հայտնի է, նախագահի թեկնածուն պետք է լինի անկուսակցական, նաև հանրայնորեն լայն ընդունելի, կոնկրետ քաղաքական ասոցիացիաներ չառաջացնող: Անկասկած է սակայն մեկ այլ բան՝ ինչպիսին էլ լինի թեկնածուն և որքան էլ համապատասխանի հենց այդ չափանիշներին, որքան էլ նա դիտվի քաղաքականապես չեզոք, հանրայնորեն ընդունելի, միևնույն է նա դառնալու է Հայաստանում ձևավորված ծայրահեղ բևեռացված քաղաքական մթնոլորտի նոր զոհը: Պատրանք է մտածել, թե հանրապետության որևէ նոր նախագահ կարողանալու է իրապես լինել համախմբող գործոն, բերել հասարակական համերաշխության, ձևավորել հանդուրժողության մթնոլորտ և այլն: Հայաստանում քաղաքական իրարամերժությունն ու ծայրահեղ բևեռացվածությունը, քաղաքական ու անգամ մարդկային անհանդուրժողությունը գեներացված է, ու շարունակվում է նաև գեներացվել այն աստիճան, որ անկախ նախագահի անձից՝ որևէ գործիչ անկարող է լինելու հաղթահարել այդ մարտահրավերը և փոխել իրադրությունը: Ըստ այդմ, ունենալ նոր նախագահի թեկնածուի առնչությամբ էական սպասում, թերևս ավելորդ է: Իհարկե դա չի նշանակում, թե բացարձակապես անկարևոր է նոր նախագահի թեկնածուի ով լինելը, ինչպիսին լինելը, հանրայնորեն լայն ընդունելություն և ընկալում ունենալը: Կարևոր է, անշուշտ, և այդ գործիչը կարող է լինել կարևոր դերակատար Հայաստանի ներհասարակական և ներքաղաքական համակեցության միջավայրի առողջացման գործընթացի համար: Պարզապես պետք չէ ունենալ պատրանքներ և անհրաժեշտ է թերևս արձանագրել, որ խնդրի լուծումը պահանջում է հավաքական ջանք, համակեցության միջավայրի առողջացումը վեր է մեկ անձի կամ անգամ մեկ քաղաքական միավորի ուժից: Քանի դեռ չկա հավաքական ջանքի գիտակցումն ու դրա ուղղությամբ շահագրգիռ ռեսուրսների գործնական մոբիլիզացիան ու աշխատանքը, խորքային մակարդակում խնդիրը մնալու է և նոր նախագահը լինելու է դրա հերթական թիրախներից մեկը: Միևնույն ժամանակ, նախագահի նոր թեկնածուն թերևս կարող է իր աշխատանքը սկսել հենց պատճառների խորքային հաղթահարմանն ուղղված առարկայական ջանքով: Մեծ հաշվով, նախագահը թերևս այլ անելիք չունի էլ: