2022-ի հոկտեմբերին ՀՀ-ում մարդահամար կանցկացվի

2022-ի հոկտեմբերին ՀՀ-ում մարդահամար կանցկացվի

Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար կանցկացվի։ Վերջին մարդահամարն իրականացվել է 2011 թվականին։ Արտակ Մարկոսյան (ՀՀ ԱՍՀՆ ԿՍԱԳՀ խորհրդական) - Շատ կարևոր իրադարձություն է սպասվում, քանի որ մարդահամարը համապարփակ տեղեկատվություն է տալիս ինչպես մշտական բնակչության, այնպես էլ առկա թվաքանակի բնակչության մասին: Պաշտոնական վիճակագրության օրենքի համաձայն՝ մարդահամար անցկացվում է առնվազն 10 տարին մեկ: Կառավարությունը նախատեսել էր այն իրականացնել 2020-ին, սակայն հետաձգվեց՝ համավարակով պայմանավորված։ Այս տարի անցկացվող մարդահամարը նախորդներից տարբերվելու է․ կիրառվելու է այլ գործիքակազմ։ Կարինե Կույումջյան (ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ) - Մինչև այժմ Հայաստանում միշտ անցկացվել է և՛ խորհրդաին տարիներին, և՛ դրանից հետո՝ ավանդական մեթոդով մարդահամարը, երբ հաշվարարները այցելում էին յուրաքանչյուր տուն և հարցաթերթեր էին լրացնում տնային տնտեսության անդամների համար: Այս մարդահամարի հիմքը հանդիսանալու է բնակչության պետական ռեգիստրը, և դրան զուգահեռ պիտի անցկացվեն նաև բնակչության պետական ռեգիստրի հասցեական տնտեսությունից ընտրված 25 տոկոս հասցեներում հարցումներ: Հարցումները կիրականացվեն էլեկտրոնային հարցաթերթի միջոցով։ Բնակչության պետական ռեգիստրի և սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգերը ծրագրային ապահովմամբ համադրվել են այնպես, որ ստացված տեղեկատվությունն առավել արդյունավետ լինի։ Աշխատանքներն այս պահին էլ ընթանում են։ Կարինե Կույումջյան - Օգտագործվում են բոլոր այն ռեգիստրները, որոնք միացված չեն համակարգին, նույնականացման այլ խնդիրներ ունեն: Այս պահին էլ աշխատում են դրա վրա, որ հնարավոր բոլոր խոչընդոտները, որ կան ռեգիստրում, հարթվեն, որպեսզի հնարավոր լինի ռեգիստրի տեղեկատվությունը օգտագործելիս հասկանալ, որ ա՛յս մարդը երկրում է, ա՛յս մարդը երկրից բացակայում է։ Վիճակագրական կոմիտեն եռամսյակային կամ տարեկան տվյալները ներկայացնելիս օգտագործում է նախորդ մարդահամարի հաշվարկները: 2021-ի տարեսկզբին մեր բնակչության թվաքանակը եղել է 2 միլիոն 963 հազար 300, 2011-ի մարդահամարի տվյալներով՝ 3 միլիոն 18 հազար։ Արտակ Մարկոսյան - 17 թվականին ունեցել ենք արտագաղթի մեծ ցուցանիշ, նաև Արցախյան երկրորդ պատերազմով պայմանավորված՝ ունեցել ենք մեծ շարժեր Արցախից Հայաստան, ու շատ կարևոր է պարզել, թե կոնկրետ ինչքան մարդ կա Հայաստանում: Արտագաղթի իրական ցուցանիշը, Մարկոսյանի խոսքով, միայն միգրացիայի մնացորդով է որոշվում և ոչ թե Հայաստան ժամանածների և մեկնածների տարբերությամբ։ Արտակ Մարկոսյան - Միգրացիոն սալդոն մի քանի բաղադրիչ է ներառում. գրանցումները, գրանցումներից դուրս գալը, նաև սահմանային տեղաշարժերն են հաշվի առնվում, տնային տնտեսությունները: Միգրացիոն սալդոն կարող է լինել դրական կամ բացասական, և մենք մեկ տարի ենք ուեցել դրական: Միգրացիոն սալդոն 92 թվականից հետո դրական է եղել միայն 2020 թվականին։ Ժողովրդագրագետն ընդգծում է՝ այն պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակով, երբ սահմանափակումներ էին գործում: . Արտակ Մարկոսյան - 2020 2019-ի համեմատ ունեցել ենք բնակչության թվաքանակի աճ, մշտական բնակչության թվաքանակը մոտ 3500-ով աճել է: 2020-ին, պարզապես, այն ցավալի իրողությունները, որ տեղի ունեցան՝ առաջին հերթին պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով, մահացության բավականին մեծ աճ արձանագրվեց։ Ոլորտի պատասխանատուները վստահ են՝ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո անցկացվող 3-րդ մարդահամարը կնպաստի, որ քաղաքացիների համար իրականացվող ծրագրերն առավել հասցեական լինեն: