Հայ-իրանական հարաբերություններն առողջապահության ոլորտում իրացման մեծ ներուժ ունեն

Հայ-իրանական հարաբերություններն առողջապահության ոլորտում իրացման մեծ ներուժ ունեն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ինչպես հայտնում են նախարարությունից, Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև երկխոսության հարաճուն մակարդակը` համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շրջափուլ կմտնեն: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը` առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը որակական նոր աստիճանի բերելու համար: Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրեր, դեղարտադրության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր մեթոդների կիրառմամբ մատուցվող նեղ մասնագիտական մի շարք ոլորտներում համագործակցության, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր: «Դեղագործության ոլորտում հայ-իրանական գործակցության մեծ պոտենցիալն ակնհայտ է: Մենք մշտապես դիտարկում ենք փոխադարձաբար իրանական արտադրության դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հետաքրքրվել է Հայաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ: Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային կապերի ակտիվացմանն ուղղված այլ ծրագրերի, քննարկել կրթական ծրագրերի ինտեգրման ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: