Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորի շենքերի վերելակների նորոգման ավարտական աշխատանքներին

Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորի շենքերի վերելակների նորոգման ավարտական աշխատանքներին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շրջայցով Վանաձոր քաղաքի այն թաղամասերում էր, որտեղ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լոռու մարզպետարանին հատկացված մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի միջոցներով իրականացվել են շենքերի վերելակների նորացման և նորոգման աշխատանքներ: Մարզի ղեկավարը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի, մարզպետարանի, համայնքապետարանի և շինաշխատանքները կատարող ընկերության պատասխանատու պաշտոնյաների հետ հետևել է աշխատանքներին և տեղում քննարկել ընթացիկ խնդիրները: Ծրագրով նախատեսված էր վերելակների նորոգումն ավարտին հասցնել փետրվար ամսին, սակայն աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետից շուտ և շահագործման կհանձնվեն մոտ օրերս։ Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում վերանորոգվել են Ռուսթավի 8, Երևանյան խճուղի 147/2, Տիգրան Մեծի 44, Նարեկացի 3Ա շենքերի վերելակները, որոնց նորոգման համար հատկացվել է 12 միլիոն դրամ։ Մարզի ղեկավարը բնակիչներին վստահեցրել է, որ գործընթացը շարունակական է լինելու․ «Սա մեր պարտականությունն է, և անելու ենք հնարավորը ոչ միայն Վանաձոր համայնքի շենքերի վերելակների նորոգման համար, այլև ամբողջ մարզի»։ Ա. Խաչատրյանը պատասխանատու անձանց հանձնարարել է անմիջական ուշադրության տակ պահել մարզում իրականացվող ծրագրի ընթացքը: Հիշեցնենք, որ Լոռու մարզին հատկացվել է 140 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար: Հատկացված միջոցներով մարզում նորոգվել են դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ և այլն: