Նոր ատոմակայանի կառուցման ռազմավարական կարևոր նշանակությունը ՀՀ անվտանգության ապահովման համատեքստում. Արթուր Ավետիսյան

Նոր ատոմակայանի կառուցման ռազմավարական կարևոր նշանակությունը ՀՀ անվտանգության ապահովման համատեքստում. Արթուր Ավետիսյան

Օրերս հայտարարվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի բաժնետիրական ընկերության միջև Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին: Ուշադրության է արժանի «էներգաբլոկներ» ձևակերպումը և այդ համատեքստում ողջունելի է նաև ՀԱԷԿ գլխավոր տնօրենի դիտարկումը, որ նոր ատոմակայանը հզորությամբ չպետք է զիջի գործողին: Նա նաև նշել է, որ չի բացառվում ավելի հզոր կայանի` 1200 ՄՎտ գումարային հզորությամբ երկու բլոկների կառուցումը: Նման հզորությամբ կայանի կառուցումն իմաստ կարող է ունենալ, եթե արտադրված էլեկտրաէներգիան մատակարարվի (վաճառվի) Թուրքիային, հնարավոր է նաև Ադրբեջանին: Առաջին հայացքից դա կարող է տնտեսական լուրջ օգուտներ ենթադրող ծրագիր լինել, ինչը բավականին վիճելի է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Պետք չէ նաև մոռանալ, որ Թուրքիան և Ադրբեջանը տարիներ ի վեր հետևողական քաղաքականություն են վարել Հայաստանում գործող ատոմակայանի փակման ուղղությամբ՝ մեծաթիվ ռեսուրսներ ծախսելով դրա համար: Իրենց այդ դիրքորոշումը հիմա ևս գոյություն ունի՝ անգամ տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» բացման քաղաքականության առկայության պարագայում: Հանուն արդարության պետք է նշել, որ նախկինում դիտարկվում էր շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի կառուցման հնարավորությունը, սակայն 2009 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողումից հետո նշյալ ծրագիրը մնաց զուտ գաղափարի մակարդակում: Արդյունքում դրանից հետո որևէ իրական առաջընթաց չարձանագրվեց նոր ատոմակայանի կառուցման հարցում: Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին նման «ընդառաջ քայլ» կանեն, եթե բավարարվեն իրենց պահանջները: Իսկ դա ենթադրում է գրեթե անվերականգնելի վնաս հայկականության կենսական շահերին: Ուստի որևէ տնտեսական «օգուտներ» չեն կարող փոխհատուցել այդ վնասը: Ցանկացած երկրում նոր ատոմակայանի կառուցումն առաջին հերթին իր մեջ կրում է քաղաքական, ապա՝ տնտեսական բաղադրիչ: Ինչի մասին վկայում է նաև Ռոսատոմի ներկայացուցչի հայտարարությունը, որ նոր ատոմային էներգաբլոկների կառուցումը կարևոր է ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման, այլ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ամուր հարաբերությունների հետագա զարգացման համար: Բազմիցս նշվել է նոր ատոմակայանի կառուցման ռազմավարական կարևոր նշանակությունը ՀՀ անվտանգության ապահովման համար: Ուստի ողջունելի է նման հուշագրի ստորագրումը, ինչը, տարիներ անց, առաջին քայլն է ուղղված նոր ատոմակայանի կառուցմանը: Հուսով եմ, որ այս ամենը չի մնա հուշագրի մակարդակում և հետևողական ու շարունակական գործնական քայլեր կարվեն այդ ուղղությամբ՝ առաջնահերթություն տալով 500-600 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցմանը: Իսկ նոր կայանի շինարարությունը կտևի մոտ 10-12 տարի: Արթուր ԱՎԵՏԻՍՅԱՆ Էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ