Արդյո՞ք այս անհասկանալի լռությունը մեզ չի մոտեցնում այդ կանխատեսելի հեռանկարի իրականացմանը․ Նամակ վարչապետին

Արդյո՞ք այս անհասկանալի լռությունը մեզ չի մոտեցնում այդ կանխատեսելի հեռանկարի իրականացմանը․ Նամակ վարչապետին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Պատճեն՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Սիմոնյանին ՀՀ Արտաքին գործերի նախարար Ա.Միրզոյանին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Ա.Ղազարյանին 1988թ. փետրվարից՝ խաղաղ պայմաններում պայթած սումգայիթյան հայկական ջարդերից սկսած, մինչև 1993թ. նախ Խորհրդային Ադրբեջանի, ապա Ադրբեջանի Հանրապետության տարածքից հայ փախստականության և բռնությամբ դեպորտացված հայերի հոսքերը 2020թ. պատերազմի հետևանքով համալրվեցին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի և այլ շրջանների նոր փախստականությամբ: 32 տարի շարունակ Հայաստանում հաստատված հայ փախստականները միշտ հույսեր են փայփայել հայրենիք վերադառնալու, առնվազն՝ ազատագրված տարածքներում վերահաստատվելու: Ճիշտ է՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները և Արցախի հարցով լուծումների փնտրմանը մասնակցող միջազգային կառույցները երբեք չեն խրախուսել մեր այդ ձգտումները, քչերին է հաջողվել լուծումներ գտնել և հայրենիքում վերահաստատվել, բայց դա երբեք չի նշանակել, որ փախստականների մեջ մարել են հույսերը: Մենք՝ խորհրդային ադրբեջանահայ փախստականներս, տարբեր միջոցներով՝ նամակներով, ցույցերով, հավաքներով, համագումարներով, փորձել ենք կրկին բարձրաձայնել մեր գոյության և մեր հույսերի մասին: Հատկապես ջանացել ենք հիշեցնել, որ բանակցային գործընթացներում մեր՝ հայ փախստականներիս գոյությունը մոռացության մատնելու ակնհայտ քաղաքականությունը հանցավոր և հակամարդկային է: Այսօր` 2020թ. պատերազմում Արցախի Հանրապետության պարտությունից հետո, մենք բոլորովին մոռացվել ենք, և կարծես թե հենց նույն մոռացությունն է սպառնում պատերազմի հետևանքով Արցախի բնակչության մի մասի հայ փախստականությանը: Մինչդեռ Արցախի բնակչության 2020թ. փախստականների զգալի մասը վերջին երեսուն տարիների ընթացքում կրկնակի, երբեմն նաև եռակի փախստականներ են դարձել, ինչպես Շահումյանի շրջանի, Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի՝ Սեյսուլան, Հացավան (Յարմջա) և տասնյակ այլ բնակավայրերի բնակչությունը: Նրանց շուրջն այնպիսի լռություն է, որ նույնիսկ Հայաստանի բնակչությունը, հայ ժողովուրդը չգիտեն այն անլուր տառապանքները, որ կրում են այդ բնակավայրերի մարդիկ՝ երրորդ, չորրորդ անգամ տարբեր տեղերից հավաքվելով, բնակավայր հիմնելով, և կրկին փախստական դառնալով՝ իրենց վերջին ունեցվածքը և ապրելու հեռանկարը կորցնելով: Սա որոշ իմաստով հիշեցնում է կիլիկահայերի ճակատագիրը. 1918-ին վերադառնալով Կիլիկիա՝ 1920-22-ին մեծ կորուստներով կրկին փախստական դարձան, հաստատվեցին Սիրիային պատկանող Անտիոքում, իսկ 1937-38-ին Անտիոքն անցավ Թուրքիային՝ դառնալով Հաթայի շրջան, և Անտիոքի ողջ հայ բնակչությունը, այդ թվում Մուսա լեռան հայկական գյուղերը ստիպված եղան երրորդ անգամ փախստական դառնալ: Իսկ Դերսիմում ապաստանած հայ փախստականները վերջնական ջարդերի ենթարկվեցին 1936-37թթ., ի դեպ, նույն տարիներին, երբ դաշնակից ԽՍՀՄ-ում բուռն զարգացում էին ապրում քաղաքական բռնությունները: Այդ տարիներին Լոզանի պայմանագրով Թուրքիայում հայ փոքրամասնության կյանքի երաշխավոր երկրները, մասնավորապես Անգլիան և Ֆրանսիան, ի պատասխան հայերի հանդեպ թուրքական բռնությունների և դեպորտացիաների, ասում էին, որ «չեն կարող միջամտել թուրքական քաղաքականությանը՝ չուզենալով զայրացնել Թուրքիային»: Հիմա, ըստ երևույթին, ադրբեջանահայ և Արցախի փախստականների հարցով «Թուրքիային և Ադրբեջանին չզայրացնելու» հերթն է: Հասկանալի է, որ մեր՝ փախստականներիս գոյության մոռացության քաղաքականությունը չի լուծում փախստականների հարցը: Ավելին` փախստականության առաջացման պատճառների, առհասարակ մեր գոյության մոռացության քաղաքականությունը ոմանց համար հեշտացնում է ներկայումս ընթացող բովանդակությամբ մեզ անհայտ բանակցությունների ընթացքը: Լռությամբ անցավ հունվարի 13-ը՝ 1990թ. Բաքվի հայկական ջարդերի պիկի օրը, ենթադրելիորեն նույնքան աննկատ կանցնեն փետրվարի 26-29-ը՝ հայոց ցեղասպանության հարություն առած գործողության՝ սումգայիթյան հայկական սոսկալի ջարդերի 34-րդ տարելիցը: Սրանք այն օրերն են, որոնք հստակ ցույց են տալիս, թե ինչ հեռանկար է սպասվում Արցախի հայ բնակչությանը Ադրբեջանի կազմում: Արդյո՞ք այս անհասկանալի լռությունը մեզ չի մոտեցնում այդ կանխատեսելի հեռանկարի իրականացմանը: Հիսուն տարի՝ մինչև 1965թ., ԽՍՀՄ-ում բացարձակ լռություն էր Հայոց Ցեղասպանության մասին առհասարակ: Ավելին, այդ Ցեղասպանության կենդանի վկաներին պատժում էին ԽՍՀՄ պատժիչ մարմինները: 1965թ.-ից հետո ցեղասպանության «հիշողության թույլատրված հարությունը» դիվանագիտորեն զուսպ և կառավարելի էր: Մեծարգո՛ պարոն Վարչապետ, այն փաստը, որ փախստականներով հարուստ մեր երկրում մենք վաղուց արդեն միայն «միգրացիոն ծառայություն» ունենք, որ «փախստական» բառը պաշտոնապես ջնջվել է հայկական պաշտոնական մարմինների անուններից, մեզ տագնապեցնում է: Մենք սկսում ենք հավատալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը մի կողմից ջնջում է փախստականներին և փախստականության պատճառները մեր ռազմավարությունից, մյուս կողմից վերակառուցում է անփախստական հանրային հիշողություն և անփախստական դիվանագիտություն: Մեր՝ փախստականներիս համար սա բացարձակապես անհասկանալի, անընդունելի և անմարդկային քաղաքականություն է: Չե՞ք նկատել, որ սումգայիթյան, Բաքվի ջարդերը, որ Հայկ. ԽՍՀ ԳԽ-ն որակեց ցեղասպանության շարունակություն, Շահումյանի հայերի դեպորտացիան, հակահայկական բռնությունները դուրս են մնացել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեքստից: Շուտով հավանաբար ադրբեջանական «փախստականները» կվերադառնան իրենց «լքված» բնակավայրերը: Որևէ մեկին հայտնի՞ է, թե ինչ է լինելու հայ փախստականների ճակատագիրը: Մեծարգո՛ պետական այրեր, մենք՝ փախստականներս, չենք կարող միանալ ձեր լռության քաղաքականությանը և մեծ հույսեր ունենք, որ այս տարվա փետրվարի 26-28-ին ՀՀ կառավարման մարմինները լայնորեն կանդրադառնան փախստականության խնդրին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում և ՀՑԹԻ-ում գիտաժողովներ կկազմակերպեն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին, կկազմակերպեն ադրբեջանահայ փախստականության համագումար և փետրվարի 27-ը կհայտարարեն Ադրբեջանում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության հիշատակի օր: Ադրբեջանից և Արցախի Հանրապետությունից փախստականների հասարակական կազմակերպությունների անունից՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյան