Վտանգ են դարձել մարդկանց համար. Շիրակի մարզպետն առաջարկում է լուծել թափառող շների հարցը

Վտանգ են դարձել մարդկանց համար. Շիրակի մարզպետն առաջարկում է լուծել թափառող շների հարցը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկել է մարզի համար առաջնային մի շարք հարցեր, այդ թվում` թափառող շների խնդիրը։ Նա շեշտեց, որ այս հարցը մարզպետի լիազորություններից վեր է, ապաստարանների ստեղծումն էլ՝ ծախսատար: Մարզպետը հարցի լուծման իր տարբերակն առաջարկեց: «Լինելով իրավաբան` խորհուրդ եմ տալիս շների հետ կապված օրենքը չեղարկելու համար քաղաքացիների ստորագրահավաք կազմակերպել: Այս խնդիրը բոլոր համայնքներում էլ կա ու լուծելի չէ։ Երեխաների վրա շների հարձակման դեպքեր ունենք: Պետք է միացյալ մոտեցում ցուցաբերել»,- շեշտեց մարզպետը: Հիշեցնենք` Քրեական օրենսգրքում կատարված լրացմամբ, որն ընդունվեց 2019 թվականի հոկտեմբերի 23-ին, ավելացվել է 258.2-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Դաժան վերաբերմունք է համարվում կենդանու կյանքի ընդհատումը խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը: Օրենքով պատիժ է սահմանվում նաև կենդանիների մարտերի կազմակերպման ու իրականացման, անտուն կենդանիների այնպիսի հավաքի համար, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: