Բիզնես գործունեություն եմ ծավալում Սանկտ Պետերբուրգում, իսկ Հայաստանում զբաղվում եմ քաղաքականությամբ. Տիգրան Ուրիխանյան

Բիզնես գործունեություն եմ ծավալում Սանկտ Պետերբուրգում, իսկ Հայաստանում զբաղվում եմ քաղաքականությամբ. Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում ձեռք է բերել «СПБ – Капиталстройэкс» ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը: « Շինարարությունը ամենակայուն և հեռանկարային բիզնես ոլորտներից մեկն է։ Վստահ եմ` բիզնես հաջողությունները երբևէ կնպաստեն հայաստանյան քաղաքական նախագծերի իրագործմանը»,-գրել է նա: Այս առնչությամբ Տիգրան Ուրիխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այո, բիզնես գործունեություն է ծավալում տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, սակայն այնտեղ տեղափոխվելու որևէ մտադրություն չունի: «Ընտրություններից հետո, ժողովրդի կամոք պետական պաշտոնից ազատվելուց հետո մի քանի երկրներում զբաղվում եմ նման գործունեությամբ: Ես սրանով պատասխանում եմ բազմաթիվ հարցերին, թե ինչու եմ պարբերաբար բացակայում Հայաստանից: Իսկ Հայաստանում զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, ղեկավարում եմ «Ալյանս» կուսակցությունը, որը պատրաստվում է փետրվարին երկրորդ ընդլայնված ֆորումին: Կուսակցական գործունեությունս շարունակվում է, անդամներով ավելի ակտիվ, ճիշտ այնքան ժամանակ, որքան ժամանակ «Ալյանսը» կպայքարի ՀՀ-ում իշխանության փոփոխության համար»,-ասաց նա: Հարցին, թե չի՞ պատրաստվում ներդրումներ անել նաև Հայաստանում, Ուրիխանյանը նախ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում չի ունեցել և չունի նման առաջարկ, առաջարկը եղել է Սանկտ Պետերբուրգում, ապա հավելեց, որ Հայաստանում ևս զբաղվում է տարատեսակ, այդ թվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Դիտարկմանը, որ որևէ ընկերության 50 տոկոսի բաժնետեր դառնալը մեծ նյութական ռեսուրսներ է ենթադրում, նախկին պատգամավորն արձագանքեց. «Նայած ինչ ծավալի գործունեությունը է իրականացնում և ինչ շրջանառություն ունի տվյալ ընկերությունը»: Լուսանկարը՝ panorama.am-ի