Հայաստանը պարտավոր է, իսկ ի՞նչ է պարտավոր Արցախի խորհրդարանը

Հայաստանը պարտավոր է, իսկ ի՞նչ է պարտավոր Արցախի խորհրդարանը

Արցախի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավորները անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, որ հնչել է նրա սոցցանցային ասուլիսում այդ մասին հարցին ի պատասխան, հայտարարել են, որ ՀՀ-ն է պարտավոր կրել կարգավիճակի բեռը: Նիկոլ Փաշինյանը խոշոր հաշվով այլ բան չէր էլ ասել, նշելով, որ Հայաստանն իհարկե իրավիճակի բերումով ունի այդ հարցի համար առաջնային պատասխանատվություն, բայց հարցի առնչությամբ պատասխանատվություն ունի նաև Արցախի իշխանությունը: Արցախի ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորները նշում են, որ, քանի որ Արցախը ճանաչված չէ, ՀՀ-ն է պարտավոր կարգավիճակի հարցն առաջ տանել միջազգային հարթակներում: Կարծես թե երկաթյա տրամաբանություն է: Բայց, թերևս միայն առաջին հայացքից: Ընդ որում, խնդիրը հարցի առաջին մասը չէ՝ Հայաստանը ունի Արցախի կարգավիճակի հարցը սպասարկելու իր էական բաժին պատասխանատվությունը, ներկայիս իրավիճակում իր հիմնական բաժին պատասխանատվությունը: Բայց, ի վերջո էզիստենցիալ հարց է՝ Արցախի քաղաքական ղեկավարությունն ունի՞, զգու՞մ է այդ հարցում իր պատասխանատվությունը: Ընդ որում, այդ հարցը բխում է խնդրի խորքային էությունից: Եթե այդ խորքում ինքնորոշման հարցն է, այլ ոչ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ, ապա ինքնորոշման առանցքային սուբյեկտը պետք է առնվազն քաղաքական ձգտում դրսևորի իր կարգավիճակի հարցում պատասխանատվության թե բաժնի, թե բովանդակության ձևավորման համար: Ընդ որում, այդ ձգտումն է նաև, որ կարող է Հայաստանին տալ հնարավորություն առավել արդյունավետ լինել կարգավիճակի հարցի իր բաժինը սպասարկելիս: Եվ այդ հանգամանքը ոչ թե պատերազմից հետո եղած նոր իրողության, այլ ընդհանրապես՝ նաև նախորդ ավելի քան երկու տասնամյակի համատեքստում: Եթե Արցախի քաղաքական կոչված դաշտն ու դասը կարգավիճակի և ընդհանրապես արցախյան հարցում քաղաքական սուբյեկտության ամբողջ պաշարը սիրահոժար կերպով չհանձներ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ «էլիտային» կարգավիճակի արտոնությունների դիմաց, եթե արցախյան հասարակական-քաղաքական դաշտը ժամանակի ընթացքում կամովին  չստանձներ «քաղաքական դեկորացիայի» դեր և փորձեր զբաղվել իրական քաղաքականությամբ, ապա իրադարձությունների զարգացումը թե Հայաստանում, թե արցախյան հարցի շուրջ մասնավորապես, կընթանար բոլորովին այլ տրամաբանությամբ, բոլորովին այլ կլիներ Հայաստանի քաղաքական ղեկավարության վարքագիծը անցյալ երկու տասնամյակում, երբ բեկումնային տրանսֆորմացիայի ենթարկվեց հարցը միջազգային քաղաքականության շրջանակում և ցավոք սրտի ոչ հօգուտ հայկական կողմերի: Որքան էլ ափսոսալի է, դատելով Արցախի խորհրդարանի պատգամավորների արձագանքից, «քաղաքական դեկորացիայի» կարգավիճակի ադապտացված մտածողությունը արցախյան հասարակական-քաղաքական դաշտում շարունակվում է ցայսօր: Եթե Հայաստանն է պարտավորը, ապա՝ այդ պարտավորությամբ հանդերձ, իսկ ո՞րն է Արցախի խորհրդարանի քաղաքական պարտավորությունը: Բյուջետային աշխատավարձը կանոնավոր ստանա՞լը: Ի՞նչ քաղաքական նոր միտք է ձևավորվում Արցախի խորհրդարանում, և ընդհանրապես, այդ խորհրդարանում ե՞րբ է վերջին անգամ տեղի ունեցել դա: