«Համագործակցության մասին խոսք լինել չի կարող». Ինչ է իրականում ասել Արայիկ Հարությունյանը

«Համագործակցության մասին խոսք լինել չի կարող». Ինչ է իրականում ասել Արայիկ Հարությունյանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 18-ին խորհրդակցություն է անցկացրել կառավարության և ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, որտեղ հայտարարել է, որ վերահսկողական ծառայությունների բարելավման նպատակով ոչ իշխանական թևի պրոֆեսիոնալների են ներգրավելու, կառուցվածքային և կադրային փոփոխություններ են իրակայացնելու՝ ընդգծելով, որ խոսքն ամենևին էլ կոալիցիոն կառավարության ձևավորման մասին չէ: Սրա վերաբերյալ արդեն որոշ լրատվամիջոցներ նշում են, որ Արցախի նախագահը կառավարման համակարգին կներգրավի նաև ընդդիմության ներկայացուցիչներին և նախկին նախագահներին։ Թեմային անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նշել է. «Այն, ինչ տեղի չունեցավ Հայաստանում, վերջապես հնարավոր է դառնում Արցախում: Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի կառավարմանը ներգրավել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի փորձառու կադրերին, ինչպես նաև նախկին նախագահներին։ Մյուս շաբաթ այս գործընթացը կմեկնարկի, ինչը նշանակում է, որ Արցախում համախմբան մեկնարկը տրված է` ընդդեմ եղած մարտահրավերների և հանուն Արցախի: Մնում է, որ նույն գիտակցումը նաև Հայաստանի Հանրապետություն հասնի»: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Արցախի ԱԺ ընդդիմադիր ու ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Էդմոն Մարուքյանի կարծիքը բացարձակ չի համընկնում այն ամենի հետ, ինչը հիմա կատարվում է Արցախում. «Համագործակցության մասին բացարձակ խոսք լինել չի կարող: Մենք ինչ դիրքորոշում ունեցել ենք պատերազմից անմիջապես հետո, պահանջել ենք գործող նախագահի հրաժարականը, այդ դիրքորոշումը չենք փոխել: Մենք կարծում ենք, որ իրենք պատասխանատու են այն բոլոր չարիքների համար, այն արհավիրքի համար, որի հետևանքով այս վիճակում ենք: Պարզապես այս մեկ տարվա ընթացքում քրտնաջան աշխատանքի արդյունքում այնպիսի փաստեր ենք հավաքագրել և ներկայացրել, որ այլևս որևէ մեկը չի կարող հերքել, որ գործող իշխանությունն ամեն բան տապալում է: Նույնիսկ արհավիրքից հետո, որի միջով մենք անցանք, նա տապալում է ամեն բան: Նրանք ունակ չեն որևէ խնդիր լուծելու»: Մետաքսե Հակոբյանի պնդմամբ, ինչպես Հայաստանում է Նիկոլ Փաշինյանը հասարակությանը բաժանում թիմերի, այնպես էլ Արցախում է նույնը կատարվում. «Երբեք Արայիկ Հարությունյանն իր թիմից այն կողմ որևէ մեկին չի տեսնում: Այսինքն եթե նույնիսկ վատն են, դրանք պետք է լինեն իր թիմի անդամները: Մենք նույնիսկ դատախազություն բազմաթիվ հաղորդումներ ենք տվել, որոնց շրջանակներում անգամ վարույթներ են իրականացվում: Մենք ապացուցել ենք, որ գործադիր մարմինը չի իրականացնում իր գործառույթները, կան շորթման դեպքեր, բյուջեի ոչ նպատակային ծախսման դեպքեր: Երբ որ նոր բյուջեն պետք է բերվեր խորհրդարան, դրանից առաջ նախագահը հանդիպումներ է ունեցել խմբակցությունների հետ, և այդ ժամանակ մենք ևս փաստել ենք, որ եթե նույնիսկ լիներ աշխարհի լավագույն բյուջեն, այս կառավարությունը տապալելու էր, որովհետև շատերը չունեն պրոֆեսիոնալիզմ և բարոյական դիրքեր, որ կարողանան իրականացնել այն: Դա ներկայացվել է փաստերով, և Արայիկ Հարությունյանը շատ դեպքերում ընդունել է, որովհետև դրանք անհերքելի փաստեր էին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: Նա ընդգծեց, որ իրենք առաջարկել են, որ այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը սահմանադրական բարեփոխումների գնալն է, որովհետև այն մոդելը, որ գործում է 2017 թվականից, անհասկանալի է. «Մենք դա ասել ենք թե պատերազմից առաջ, թե հետո: Գործող Սահմանադրությունը ճգնաժամային չէ, ընդամենը մեկ մարդու քմահաճույքից է կախված երկրի ճակատագիրը: Պետք է փոխել մոդելը, առանձնացնել խորհրդարանը նախագահից և առանձին ընտրություններ անցկացնել խորհրդարանի և նախագահի: Իսկ մինչ այդ պետք է պարտադիր կառավարությունում փոփոխություններ արվեն, այս կազմով հնարավոր չէ ճգնաժամային իրավիճակը փոխել: Սկզբում Սահմանադրությունը փոխելու մեր առաջարկը վատ ընդունվեց, բայց հետո ելնելով իրավիճակից, տեսնելով, որ ուրիշ տարբերակ չկա, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ին կազմակերպած ասուլիսում արած հայտարարություններից հետո այլ բան չէր մնում, քան ընդունել այն բոլոր առաջարկները, որոնք մենք արել ենք: Եթե իրականում այս ամենը խաղ չէ, կեղծ չէ, և իրենք չեն գնում Հայաստանի իշխանությունների հետքերով, այսինքն Արցախը վերջնականապես ոչնչացնելու նպատակ չունեն, ուրեմն պետք է հասկանան և պետք է գնանք սահմանադրական բարեփոխումների, որի արդյունքում պետք է կարողանանք մինչև 2025 թվականի նոյեմբերի 9-ի հստակ իմանանք մեր անելիքները: Այսինքն հիմիկվանից իմանանք՝ ինչ է լինելու այդ ժամանակ և դրանից հետո: Դրա համար շատ տեմպով պետք է աշխատանք կատարի յուրաքանչյուրը իր ոլորտում»,-ասաց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ այս պայմաններում կոալիցիայի մասին խոսք լինել չի կարող, որովհետև իրենք չեն կարող իրականացնել նախագահի ծրագրերը, որոնք չեն ընդունում: Նույն խնդրի վերաբերյալ Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցություն պատգամավոր Սեյրան Հարապետյան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այո, Արցախի նխագահի հետ ընդհանուր քննարկումներ են տեղի ունեցել, դրանք խեղաթյուրված են ներկայացրել: Տվյալ խորհրդակցությունում խոսվել է, որ մարդու մասնագիտական պատրաստվածության հատկանիշներից ելնելով են համապատասխան պաշտոնների նշանակվելու: Կոնկրետ ոչ մի կոալիցիոն կառավարության մասին խոսք չի եղել, որևէ խմբակցության հետ նմանատիպ քննարկում չի եղել: Ասվել է, որ եթե մարդը իր մասնագիտական ու մարդկային ունակություններով ու հատկանիշներով ինչ-որ պաշտոնի նշանակվելուն համապատասխանում է, ապա նշանակվելու է: Բնականաբար, կառավարությանը, ինչպես նաև բոլոր պաշտոնատար անձանց կոչ է արվել աշխատել ավելի բաց, ավելի հստակ, ավելի ժողովրդամետ ու հստակ: Ոչ մի խոսք չի եղել, որ ընդդիմադիրներին բերելու են կառավարության համակարգ, տարբեր պաշտոններ են տալու, հաշվի են առնելու կուսակցական պատկանելիությունը»: