Ինչու հրաժարական տվեց նախագահը

Ինչու հրաժարական տվեց նախագահը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի Հայաստանի հանրային շրջանակները աշխուժորեն փորձում են «գտնել» նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականի պատճառները կամ մոտիվը: Ներկայացվում են ամենատարբեր վարկածներ, ներքին՝ ներիշխանական հարաբերությունների դաշտից մինչեւ աշխարհաքաղաքական տիրույթ: Դրանց շարքում է օրինակ այն, որ Արմեն Սարգսյանը պարզապես խուսափում է Հայաստանի համար ինչ որ մոտալուտ բավականին ռիսկային կամ սպառնալի քաղաքական զարգացման համար պատասխանատվությունից, կամ քաղաքական որոշման համար պատասխանատվությունից, ու հեռանում է այդ պատճառով: Եթե կա այդպիսի պատճառ, ապա Արմեն Սարգսյանը առնվազն գործում է հայ ժողովրդի հանդեպ ստորություն: Բացարձակ հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ունակ է այդպիսի քայլի, ունակ է հանրության, Հայաստանի քաղաքացիների, հայ ժողովրդի հանդեպ այդպիսի վերաբերմունքի: Բայց, հենց այդ առումով էլ շատ կարեւոր է, որպեսզի հեռացող նախագահը առավելագույնս հստակ եւ բաց խոսի հանրության հետ: Նրա հրաժարականի հայտարարությունը ընդհանրական գնահատականների ամբողջություն է, որը գուցե իր մեջ ունի մեսիջներ, սակայն այնպիսիք, որոնք ենթակա են ամենատարբեր մեկնաբանությունների, հետեւաբար՝ լղոզվում են ժամանակի ու տարածության մեջ, տալով նաեւ հենց ամենատարբեր վարկածների շուրջ դատողությունների, ըստ այդմ նաեւ մանիպուլյատիվ խաղերի հիմք քաղաքական եւ հանրային տարբեր խմբերի համար: Իսկ, եթե իրապես կա այն պատճառը, որի մասին խոսվում է, ապա այն չբարձրաձայնելը, չկոնկրետացնելն ու այդպիսով հանրությանն անորոշության մեջ թողնելը Արմեն Սարգսյանի պարագայում իրապես կնշանակի Հայաստանի ու հանրության հանդեպ գործվող ստորություն: Ըստ այդմ, Հայաստանի նախագահը իր հրաժարականից հետո ունի հանրությանն առավել առարկայական եւ կոնկրետ խոսքով դիմելու անհրաժեշտություն: Դա խիստ կարեւոր է՝ կամ իր հրաժարականի վրա տարաբնույթ քաղաքական ու քարոզչական մանիպուլյացիաներով «մակաբուծելու» եւ հանրությանը մոլորեցնելու որեւէ փորձ թույլ չտալու համար, իսկ այդպիսի փորձ անողները լիքն են, կամ հանրությանը ավելի կոնկրետ նախազգուշացնելու համար այն ռիսկի կամ սպառնալիքի մասին, որի պատասխանատվության տակ չմտնելու շարժառիթով տալիս է հրաժարական: Արմեն Սարգսյանը Հայաստանի եւ հայաստանյան հանրության  համար թերեւս կարեւոր գործիչ է եղել մինչեւ նախագահի պաշտոնը զբաղեցնելը, բնականաբար՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելիս, եւ կարեւոր է լինելու նախագահի պաշտոնը թողնելուց հետո էլ: Այդ կարեւորությունը կգիտակցվի տարբեր կերպ, կարտահայտվի կամ չի արտահայտվի տարբեր կերպ, բայց այդ կարեւորությունն անխուսափելի է, հետեւաբար Արմեն Սարգսյանը այլեւս ցմահ պատասխանատու է Հայաստանի առաջ, ինչպես ցանկացած նախկին նախագահ: Ըստ այդմ, Սարգսյանը պետք է իրացնի իր պատասխանատվությունը խոսքով, որը պետք է ասել անհրաժեշտ պահերին, անգամ պաշտոնը թողնելուց հետո: