Հայկ Մամիջանյանն անտրամաբանական է համարում Արմեն Սարգսյանի տեքստում նշված հրաժարականի պատճառները

Հայկ Մամիջանյանն անտրամաբանական է համարում Արմեն Սարգսյանի տեքստում նշված հրաժարականի պատճառները

«Պատիվ ունեմ» խմբակցությունը նիստ կհրավիրի և կքննարկի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հետ կապված հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ «Իրադարձությունը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ, և խմբակցությունը չի հասցրել նույնիսկ նիստ գումարել։ Բնականաբար, այդ գործընթացը կքննարկվի թե՛ մեր խմբակցության նիստում, թե՛ մյուս ընդդիմադիր խմբակցության հետ»,- ասաց Մամիջանյանը։ Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականի գործընթացին՝ Մամիջանյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում նշված պատճառները անտրամաբանական են, որովհետև պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանը լավ տեղեկացված էր և Սահմանադրությունը կարդացել էր, որի վրա երդվել է։ «Չորս տարի նույն երգը երգել նախագահի ինստիտուտի և լիազորությունների վերաբերյալ, իմ համար անընկալելի է՝ հաշվի առնելով նաև, որ ընթացիկ ժամանակահատվածում պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը նաև իր որոշակի լիազորություններ պատվիրակել և զիջել էր հոգուտ Ազգային ժողովին»,- ասաց Մամիջանյանը։ Մամիջանյանը դեռևս չի կարող ասել, թե որն է Արմեն Սարգսյանի հրաժարականի իրական պատճառը, բայց այդ պատճառը կարող է լինել թե´ ներքաղաքական, թե´ արտաքին քաղաքական։ «Դեռևս դրա մասին խոսելու համար իրական տեղեկությունը բացակայում է»,- եզրափակեց Մամիջանյանը։