Հայաստանը շարունակում է ճզմվել «երկու ծայրահեղությունների» աքցանի մեջ

Հայաստանը շարունակում է ճզմվել «երկու ծայրահեղությունների» աքցանի մեջ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հաստատել է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար: Ընդհանրապես պատերազմի եւ պարտության պատճառների վերաբերյալ քննարկումները անկասկած շատ կարեւոր են: Քննարկումները շատ կարեւոր են, սակայն 44-օրյա պատերազմի պարտության առումով թերեւս հանգուցային կետը կամ գլխավոր պատճառը մեկն է՝ Թուրքիա: Հայկական պետությունը չի կարողացել լուծել իր գլխավոր խնդիրը, որն ամենեւին Ադրբեջանի նավթը կամ սպառազինությունը չէր: Գլխավոր խնդիրը Թուրքիան էր: Եվ մենք չենք կարողացել լուծել այդ խնդիրը: Հետին թվով խելացի լինելը անշուշտ բավականին հեշտ է, բայց, եթե մենք կարողանայինք ձեւավորել «մարտունակ» քաղաքական միտք եւ բովանդակություն՝ ինստիտուցիոնալ մակարդակում, գուցե կգայինք նաեւ Թուրքիայի խնդրի լուծման: Դրա մասին պարբերաբար խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, լուծման մի փորձ արեց Սերժ Սարգսյանը, բայց ապարդյուն՝ մի շարք պատճառներով: Ընդ որում, անկասկած է, որ Հայաստանը չէր կարող գտնել Թուրքիայի խնդրի ռազմական լուծում: Իսրայելի օրինակ պետք չէ բերել, որովհետեւ Հայաստանը չուներ տարեկան այն միլիարդավոր դոլարների աղբյուրը, որ ուներ Իսրայելը Միացյալ նահանգներից և Գերմանիայից՝ որպես փոխհատուցում: Թուրքիայի խնդիրը ներկայումս էլ շարունակում է լինել մեզ համար առանցքային: Դա չի նշանակում, որ չունեն այլ լուրջ խնդիրներ: Բազմաթիվ են, բայց Թուրքիան այստեղ ելակետային է եւ «մեխ», մենք որեւէ խնդրի խորքային լուծման չենք մոտենա, առանց Թուրքիայի հարցում լուծման մի քանի հիմնարար սցենար ունենալու: Սեպտեմբերի ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամության մասին, նաև շոշափել էր հայ-թուրքական հնարավոր գործընթացով, հարաբերության կարգավորման հեռանկարով շահագրգռված ուժային կենտրոնների շրջանակը՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան: Այդ հանգամանքը թերևս ուներ տրամադրություն շոշափելու միտում, այն իմաստով, որ արտահայտելով իր պատրաստակամությունը, Երևանը թերևս փորձում էր հասկանալ, թե իրենց հերթին ինչ պատրաստակամություն կարտահայտեն այդ կենտրոնները, այդ երկրները՝ հայ-թուրքական հարաբերության կարգավորման նոր փորձի հնարավորությանը նպաստելու առումով: Ռուսաստանից արձագանք հնչեց իհարկե մինչ այդ և ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հայ-թուրքական կարգավորմանը: Լավրովը հայտարարեց անգամ, որ պատերազմից հետո դրա պատեհ ժամանակն է: Իհարկե այդ հայտարարությունը թերևս պետք է ընդունել կամ դիտարկել իր հարաբերականության մեջ: Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերության հարցում մի շարք պատճառներով գերզգայուն սուբյեկտ է: Միաժամանակ, Մոսկվան չի կարող խոսել, կամ թույլ տալ մտածել, որ անհանգստացած է այդպիսի հեռանկարով: Սակայն, հայտարարելով, որ պատրաստ է օգնել, անշուշտ նկատի չունի անմիջական և իրական օժանդակություն: Մոսկվան ընդամենն արձանագրեց թերևս, որ թույլ չի տա հայ-թուրքական գործընթաց առանց իրեն, իր շահերի և հետաքրքրությունների շրջանցումով: Առայժմ կարծես թե Էրդողանի և Փաշինյանի հայտարարություններին նշանակալի, կոնկրետ առումով չի արձագանքել Միացյալ Նահանգները, նաև մյուս կենտրոնները: Մինչդեռ, այստեղ «մեխը» թերևս այն է, որ հայ-թուրքական գործընթացը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե լինի այսպես ասած կողմնակի աջակցության տեսանկյունից «դիվերսիֆիկացված»: Համենայնդեպս, դա Հայաստանի համար կարևոր միջավայր է, այլապես հայ-թուրքական գործընթացը լոկ ռուսական «միջնորդությամբ» կամ կողմնակի աջակցությամբ դե ֆակտո լինելու է ընդամենը ռուս-թուրքական գործընթացի մի «մոդիֆիկացիա», առանց ներկայիս իրադրությունից հիմնարար տարբերության: Հայաստանը շարունակում է ճզմվել «երկու ծայրահեղությունների» աքցանի մեջ, ինչի շնորհիվ մենք որպես հանրություն ու պետություն դառնում ենք գերկառավարելի եւ կանխատեսելի: Մասնավորապես, հակաթուրքականությունը հարյուրամյակով Հայաստանի դեմ գործիք է Ռուսաստանի ձեռքին, իսկ հակառուսականությունն էլ Ռուսաստանի դեմ գործիք է Թուրքիայի ձեռքին: Ընդ որում, երկու դիրքորոշումն էլ ըստ էության հիմնավոր են, բոլորովին անհիմն չեն, բայց երկուսն էլ գործնականում բացարձակապես անարդյունավետ են այդ ուղղություններով եղած խնդիրների լուծումների տեսանկյունից: Հասկանում ենք թե Թուրքիայից, թե Ռուսաստանից բխող վտանգները, ռիսկերը, բայց առավոտից երեկո ասելով, թե թուրքը թշնամի է, կամ ռուսը թշնամի է, կամ դաշնակից չէ եւ այլն, մենք ըստ էության չենք լուծում որեւէ խնդիր: Ավելին, այդ երկու դիրքավորումները սրում են ծայրահեղություններ, որոնցով մեզ կառավարում են, եւ իհարկե փորձում են կառավարել նաեւ իրար: Բավական է, որպեսզի սրենք մեկը, միանգամից սրում են մյուսը, ու մեզ վերցնում «աքցանի» մեջ: Այսստեղ է, որ Հայաստանի այլընտրանքների հետ կապված հարցերը պահանջում են առավելագույնս հանդարտ, ծայրահեղություններ չսնուցող, անաղմուկ լուծումներ ու քայլեր: Ինչպես դուրս գալ էդ աքցանից, սա է խնդիրը: Եվ ասեմ, որ մեր հանրության ճնշող մեծամասնությունը համարժեք է գնահատում այդ խնդիրը, պարզապես լուծումները պետք է առաջարկեն քաղաքական ուժերը, քաղաքական խմբերը, որոնց գերակշռող մասը սակայն զբաղված է հենց ուղղակի, թե անուղղակի, մեր դեմ ռուս-թուրքական լուծումները սպասարկելով՝ պարբերաբար սրելով այդ երկու ծայրահեղությունները: