Ում կամ ինչի համար է ինտրիգ հրահրում պաշտոնաթող գեներալը

Ում կամ ինչի համար է ինտրիգ հրահրում պաշտոնաթող գեներալը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը հայտարարում է, թե գիտեք ինչու է տեղի ունեցել նոյեմբերի 16-ի մարտը և ասում է, որ էլի են տեղի ունենալու այդպիսիք: Բայց, Մովսես Հակոբյանը չի ասում, թե ինչ գիտե, այսինքն չի ասում բովանդակությունը՝ թե ինչո՞ւ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունենալու: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ չի ասում, իմանալով՝ չի ասում: Տրամաբանությունը հուշում է, որ նրան հարցեր պետք է ուղղեն ազգային անվտանգության մարմինները, որովհետև Մովսես Հակոբյանը փաստորեն բաց տեքստով ասում է, որ գիտե Հայաստանի հանդեպ մարտական գործողություն լինելու մասին, ինչպես նաև գիտե պատճառը: Հետևաբար, առնվազն պատրաստվելու համար անվտանգության ծառայությունը պետք է նրանից ստանա այն բովանդակությունը, ինչ գիտե Հակոբյանը: Եվ, եթե Հակոբյանի հայտարարությունները զուտ ներհասարակական-ներքաղաքական նենգափոխումների, տեղեկատվական խաղարկումների համար չեն, այլ բխում են Հայաստանի շահից՝ նա պետք է անգամ չսպասի, որ անվտանգության կառույցները հետաքրքրվեն իրենով, ինքը պետք է փոխանցի ունեցած տեղեկությունը: Եթե Հակոբյանը համարում է, որ այն, ինչ գիտե ինքը, գիտե նաև իշխանությունը, հետևաբար նաև անվտանգային կառույցները, ապա այստեղ առաջանում է նոր հարց: Եթե տեղեկությունը, որին տիրապետում է Հակոբյանը, այսպես ասած արտահայտում է Հայաստանի շահը, հետևաբար՝ ենթադրվում է, որ քաղաքական ղեկավարությունն էլ տիրապետում է Հայաստանի համար իրերի շահեկան դրության, ապա հարց է առաջանում, թե ո՞րն է իր «իմանալու» մասին բարձրաձայնելու իմաստը: Եթե Մովսես Հակոբյանը համարում է, որ ինքը գիտե մի բան, որ չգիտե իշխանությունը, ապա նա պետք է ինքը շտապեր ԱԱԾ, իսկ բավարար լրջմտությամբ ուշադրության չարժանանալու դեպքում արդեն հանրությանը հայտներ ոչ թե այն, որ ինչ որ բան գիտե, այլ հենց իմացածը, կոչ անելով կանխել Հայաստանի համար վտանգավոր զարգացումը: Չկա թե մեկը, թե մյուսը, և կա միայն Մովսես Հակոբյանի հերթական հայտարարությունը այն մասին, որ ինքը գիտե ինչ որ բան, որը Հայաստանի հանդեպ ռազմական ագրեսիայի և մարտական գործողությունների, ըստ այդմ զոհերի, վիրավորների և գերիների սպառնալիքի, ռիսկի աղբյուր է: Հետևաբար ստացվում է, որ Մովսես Հակոբյանն այդ պարագայում դառնում է մանիպուլյացիայի աղբյուր, ընդ որում միանգամայն գիտակցված: Իհարկե, հնարավոր է նա ունի տեղեկատվություն, որը ենթակա չէ բարձրաձայնման, պարունակում է էական նրբերանգներ, որոնք վերաբերում են նույն ազգային անվտանգությանը: Բայց, այդ դեպքում պետք է ընդհանրապես զերծ մնալ հայտարարություններից, չառաջացնելով ավելորդ ինտրիգներ: Հազիվ թե նրա պես փորձառու զինվորականը չպատկերացնի, թե այն էլ հայաստանյան ժամանակակից հասարակական-տեղեկատվական միջավայրում ինչ է նշանակում պետական անվտանգության լրջագույն հարցերին վերաբերող թեմայի մասին հայտարարել կարևոր բան իմանալու մասին, սակայն չբարձրաձայնել կոնկրետ բովանդակությունը: Դա նշանակում է դաշտ նետել մանիպուլյացիայի հերթական չափաբաժինը, և հարց է առաջանում՝ թե ում կամ ինչի համար: Բոլոր դեպքերում ակնառու է, որ անվտանգային կառույցները պետք է ունենան հարցեր Մովսես Հակոբյանին: