Կրեմլը միջնորդելու է, թուրքերը մերժելու են․ Մոսկվայի «թամադայությունը» կոպեկի արժեք չի ունենալու

Կրեմլը միջնորդելու է, թուրքերը մերժելու են․ Մոսկվայի «թամադայությունը» կոպեկի արժեք չի ունենալու

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը օրերս հայտարարեց, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։ Նրա խոսքով, Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայկական կողմը Կրեմլին է դիմել։ «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Եվ մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք», - մասնավորապես նշել է Հունանյանը։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանի արտգործնախարարը օրերս ֆրանսիական Le Figaro պարբերականին տված  հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի հետ երկխոսություն սկսելու համար Թուրքիան պահանջում է Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք տրամադրել, ինչը հայկական կողմի համար բացարձակապես անընդունելի է։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը թերահավատ է, թե Մոսկվայի միջնորդությամբ հնարավոր է դրական արդյունքի հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում․ «Կրեմլ կոչվածը մեր միջնորդը չի եղել ու չի կարող լինել։ Բայց ուզում եմ նշել, որ սա ստեղծելու է մի վիճակ, երբ Կրեմլը միջնորդելու է, թուրքերը հրաժարվելու են, մենք շառը գցելու ենք Պուտինի վրա, որ չկարողացավ միջնորդել՝ ասելով, որ հարսանիքի իր թամադայությունը կոպեկի արժեք չունի։ Թուրքերը ո՛չ Կրեմլի ուզածով են աշխատում, ո՛չ էլ մեր, ուստի ենթադրելի է , որ այդ մերժումը կլինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Շիրինյանի խոսքերով՝ արցախյան երկրորդ պատերազմը նախաձեռնել է Կրեմլը՝ ընդդեմ հայ ժողովրդի, բանակի ճարպակալած գեներալների միջոցով, նաև փորձ է արվել փոխել ժողովրդի ընտրած իշխանությունը․ «Բայց դա նրան չի հաջողվել, հիմա էլ հերթականն է։ 250-300 տարի է ՝ կպել է մեր ջանից ու պոկ չի գալիս։ Իրենց բռնած գործը հաջողություն չի ունենալու, իսկ Հայաստանին ու հայ ժողովրդին այդ միջնորդությունները պետք չեն։ Թուրքերն առնվազն երեք պայման ունեն։ Առաջին՝ մոռանալ ցեղասպանությունը։ Որևէ իշխանություն կարո՞ղ է հասարակությանը ստիպել մոռանալ դա, մարդկային հիշողության դեմ ո՞վ կարող է գնալ։ Երկրորդ՝ չհիշատակել ու չպայքարել ցեղասպանության ճանաչման համար։ Եվ երրորդը, որ ամենավտանգավորն է՝  Հայաստանը դարձնել ոչ կենսունակ պետություն։ Հայ ժողովուրդը դրա դեմ դիմադրում ու պայքարում է։ Ուզում եմ ասել, որ այդ միջնորդությունը որևէ բան չի տալու»։ Նրա դիտարկմամբ՝ մյուս տարբերակն ամերիկյան միջնորդությունն է․ «Երբ Բայդենը հայտարարեց, որ Ամերիկան վերադառնում է, մի քանի օրից նաև ճանաչեց  հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան գտնվում է ամերիկյան պրեսինգի տակ։ Եթե Կրեմլինը ոխերիմ բարեկամի քայլ է, Ամերիկայինը՝ մեր հանդեպ բարեկամի քայլ է։ Հավանաբար թուրքերն են խնդրել, որ Կրեմլը միջնորդի, որովհետև ամերիկյան միջնորդությունը Հայաստանին տալիս է անվտանգություն, Սյունիքի անձեռնմխելիություն։ Իսկ Հայաստանի իշխանությունների անելիքը ո՞րն է։ Կրեմլը մի ձեռքով ճանաչում է Հայաստանի իշխանություններին, մյուս ձեռքով հինգերորդ շարասյունը հանում է փողոց ու երկիրն ապակայունացնում։ Իրական վտանգը հենց երկրորդն է։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունը մանևրում է»։ Մեր դիտարկմանը, թե մի կողմից Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Թուրքիան նոր նախապայման է առաջ քաշում, մյուս կողմից մենք դիմում ենք Կրեմլին միջնորդության համար, Շիրինյանն արձագանքեց․ «Այսօր միջանցքն են որպես նախապայման դնում, վաղը կարող են ասել՝ կրոնափոխ եղեք։ Բայց մեր անելիքն  այլ  դաշտում է։ Արարատ Միրզոյանն ասում է, որ մենք պատրաստ ենք գնալ երկխոսության, բայց մարդիկ այնպիսի բան են ասում, որ հնարավոր չէ համաձայնել։ Ֆրանսիացի մի հայտնի դիվանագետ ասել է՝ դիվանագետի լեզուն տրված է նրա համար, որ ճիշտ չխոսի։ Հիմա մի բան կա՝ ես գիտեմ, որ  այս արտահայտությունից աքլորականչով Երևանի փողոցներում Սյունիք պաշտպանողները խիստ զայրանալու են և քամի է սկսվելու։ Բայց եթե ուզում եք, որ այդպես չլինի, ապա առնվազն պետք է բանակը զինվեր մինչև հիմա, 30 տարվա մեջ միջուկային զենք ունենային։ Այդ դեպքում՝ Արարատ Միրզոյանը կասեր՝ ռադներդ քաշեք։ Քանի որ դա չունենք, ունենք քվազի գեներալներ՝ սիրուն շորերով, ճարպակալած ու դղյակներով: Բայց ադրբեջանցիք ապացուցեցին, որ հայ գեներալների գիտելիքները զրո են։ Իրենք սպասարկել են օտար պետության շահերն ու նպատակ է եղել Հայաստանի ընտրված իշխանությանը տապալել»։