Ինչ կփոխվի Տաշքենդում․ Հայկական սպորտի դիրքը տարածաշրջանում

Ինչ կփոխվի Տաշքենդում․ Հայկական սպորտի դիրքը տարածաշրջանում

Դեկտեմբերի 7-ին Տաշքենդում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի բավական ուժեղ կազմով։ Սա 2021 թվականի վերջին կարևոր իրադարձությունն է հայկական սպորտի համար։ Անցնող տարում սպորտային բարձր հարթակներում Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվել է նվաճել ընդամենը մեկ ոսկե մեդալ։ Խոսքը հունահռոմեական ըմբիշ Մալխաս Ամոյանի մասին է։ Վերջինս մեծ հաղթանակի հասավ հոկտեմբերին Նորվեգիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում։ Ինչ խոսք ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո հնարավոր է արդյունքների տեսանկյունից որոշակի բարելավում ունենք, բայց․․․։ 2021 թվականի գլխավոր մարզական իրադարձությունը Տոկիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերն էին։ Մեդալների ամփոփիչ հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 69-րդ տեղը։ Մերոնք ներկայացան 17 մարզիկով, որոնցից չորսը դարձան մրցանակակիր։ Նրանք են փոխչեմպիոններ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մրցանակակիրներ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: 2016 թվականի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը մեկ ոսկե և երեք արծաթե մեդալով զբաղեցրել էր 42-րդ հորիզոնականը։ Ցավով պետք է արձանագրենք, որ 2016 թվականի համեմատ ունենք ետընթաց։ Այո, ունենք բազմաթիվ տաղանդավոր մարզիկներ, որոնք անում են հնարավորինը մեր երկրի պատիվը բարձր պահելու համար։ Ունենք նաև անհատներ, որոնք լինելով սպորտի սիրահար անհատույց ներդրումներ են կատարում։Բայց արդյո՞ք եղածը բավարար է մեծ սպորտում լուրջ հաջողության հասնելու համար։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Ցավով պետք է արձանագրենք նաև, որ օլմիպիական մեդալների ամփոփիչ հաշվարկում Հայաստանն ունի ամենացածր դիրքը տարածաշրջանում։ Եվ այսպես՝ Ադրբեջանը 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով ընդհանուր հաշվարկում 67-րդն էր Տոկիոյում։ Թուրքիան 2 ոսկե, 2 արծաթե և 9 բրոնզե մեդալով 35-րդն էր, իսկ Իրանը 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալով 27-րդը։ Անդրադառնանք նաև Վրաստանին, որը զբաղեցրել էր 33-րդ հորիզոնականը։ Վրացիները նվաճել էին երկու ոսկե, 5 արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Ի դեպ Վրաստանը 4 մեդալ նվաճել է ձյուդոյում ինչը խոսում է այն մասին, որ հարևան երկիրը դառնում է այս մարզաձևի խոշոր տերություն։ Եվ ընդհանրապես պետության կողմից սպորտի նկատմամբ պատշաճ մոտեցումը տալիս է արդյունք։ Նախորդ օլիմպիական խաղերում Վրաստանը 2 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալով 38-րդն էր։ Արձանագրենք, որ 5 տարվա ընթացքում Վրաստանն արձանագրել է կայուն աճ։ Նույնը կարելի է ասել Թուրքիայի մասին։ Վերջինս Ռիոյի օլիմպիադայում 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով 41-րդն էր և ընդամենը մեկ կետով էր գերազանցել Հայաստանին։ Հիմա պատկերը բոլորովին այլ է։ Ըմբշամարտը, բռնցքամարտը և ծանրամարտը հանդիսանում են մեր հենակետային մարզաձևերը։ Մենք լուրջ հաջողություններ ենք արձանագրում հատկապես պատանեկան և երիտասարդական առաջնություններում, բայց․․․։ Հաջողություններ ենք ունենում նաև մեծահասակների մրցաշարերում, սակայն Օլիմպիական խաղերում պատկերն այլ է։ Ակամայից սակայն հենց օլիմպիական խաղերն են հանդիսանում սպորտում տիրող վիճակի հիմնական ինդիկատորը։ Շատ հնարավոր է, որ նույն Սիմոն Մարտիրոսյանը Տաշքենդում դառնա աշխարհի չեմպիոն։ Ոսկու ակնկալիքներ ունենք նաև այլ ծանրորդներից։ Ընդունենք սակայն, որ օլիմպիական խաղերից հետո գրանցված արդյունքները չունեն այն էֆեկտը։ Ավելի ճիշտ դրանք ավելի շատ սփոփիչ ազդեցություն են ունենում։ Փաստենք սակայն, որ այսօր նույնիսկ փոքր հաղթանակները մեծ նշանակություն են Հայաստանի համար և լիահույս ենք, որ բացի Մալխաս Ամոյանից Հայաստանն այս տարի կունենա այլ աշխարհի չեմպիոն կամ չեմպիոններ։ Հաշվի նստելով հայկական սպորտի ներկայիս իրավիճակի հետ, կատարենք թերևս մեկ կարևոր արձանագրում։ Տարբեր մրցաշարերում հաջողություններ ունենալով մեկ գլխավոր խնդիրը պետք է լինի օլիմպիական չեմպիոններ պատրաստելը։ Այսօրվանից մենք պետք է լծվենք 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում չեմպիոններ պատրաստելու աշխատանքին։ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններն իրենց հերթին պետք է հանդիսանան օլիմպիական խաղերին նախապատրաստվելու կարևոր հանգրվաններ։