Մոուրինյոյի պատասխանը Մխիթարյանի վերաբերյալ․ Նոր իրավիճակ 13-րդ տուրից հետո

Մոուրինյոյի պատասխանը Մխիթարյանի վերաբերյալ․ Նոր իրավիճակ 13-րդ տուրից հետո

Տևական դադարից հետո «Ռոման» հաղթանակ տարավ Իտալիայի առաջնությունում։ Ա սերիայի 13-րդ տուրում Հռոմի թիմը հյուրընկալվելիս 2։0 հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ։ 82-րդ րոպեին «Ռոմային» առաջ մղեց 18-ամյա գանացի հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը։ Այս գոլում մեծ դերակատարում ունեցավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, դառնալով արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ավելացված վերջին րոպեին էլ Ֆելիքս Աֆենա-Գյանը դուբլ ձևակերպեց։ Խաղից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովաբանել է Մխիթարյանին։ «Դժվար հանդիպում էր, բայց մենք թելադրողի դերում էինք։ Մխիթարյանը հրաշալի խաղաց, մենք ամբողջ ընթացքում վերահսկում էինք խաղը, հնարավորություն չէինք տալիս «Ջենոային» խլել նախաձեռնությունը։ Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի խորքից էր պաշտպանվում։ Այդ պահին որոշեցի, որ մեզ պետք է Ֆելիքսը։ Նա իր էներգիայով և արագությամբ կարող է փոխել իրավիճակը և մեծ խնդիրներ առաջացնել մրցակցի համար։Երբ նա դուրս է գալիս փոխարինման, թիմն ավելի դինամիկ է գործում։ Այդպես էր նաեւ «Կալյարիի» եւ «Միլանի» դեմ հանդիպումներում։ Ֆելիքսը գերազանց գործեց վերջնամասում», ասել էր պորտուգալցի մասնագետը։ Այս մրցավեճից առաջ իտալական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ անհաջող հանդիպումների շարքից հետո Մոուրինյոյի և Հենրիխ Մխիթարյանի հարաբերությունները սրվել են։ Նշվում էր նաև, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Ռոմայից»։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ հայ կիսապաշտպանը դժգոհ է իտալական թիմում իր կարգավիճակից։ Մասնավորապես, Մոուրինյոն Մխիթարյանին ավելի շատ օգտագործում է պաշտպանական գործողություններում, մինչդեռ հայ կիսապաշտպանը շատ ավելի արդյունավետ է առջևի գծում։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 12 խաղում Մխիթարյանը դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Corriere dello Sport-ի տեղեկություններով Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն են հայտնել ռուսական մի քանի ակումբներ։ Մասնավորապես, ըստ պարբերականի Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» կպայքարեն Մխիթարյանի համար։ Ա սերիայի 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Վենեցիային» և պարտվել 3։2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հայտացուցակում էր, բայց Մոուրինյոն նրան խաղաժամանակ չէր տվել։ Այս խաղից հետո Ժոզե Մոուրինյոն քննադատել էր առջևի գծի մի քանի ֆուտբոլիստներին․ «Պաշտպանությունում լուրջ խնդիրներ չունեցանք, իսկ ահա առջևում խաղը չէր ստացվում։ Ձանյոլոն, Աբրահամը և Մխիթարյանը տեխնիկապես լավ չխաղացին։ Նրանք հաճախ էին սխալվում գնդակը վերահսկելիս, փոխանցումներ կատարելիս և որոշումներ ընդունելիս»։ «Ջենոայի» դեմ խաղում ականատեսը եղանք միանգամայն այլ պատկերի։ Մխիթարյանին քննադատելուց և պահեստայինների նստարանին թողնելուց հետո պորտուգալացի մասնագետը հայ ֆուտբոլիստին օգտագործեց առջևի գծում՝ ենթահարձակվողի դիրքում։ Ավելին, մրցավեճից հետո Մոուրինյոն խոսեց Հայաստանի ազգային հավաքականի հիանալի խաղի մասին։ Իր այս քայլով Մոուրինյոն ըստ էութայն տվեց երկու կարևոր հարցերի պատասխանը։ Ավելի ստույգ, նա փարատեց Մխիթարյանի հետ ունեցած լարավածության վերաբերյալ կասկածները հայտարարելով նաև որ գոհ է հայ ֆուտբոլիստի առջևի գծում ցույց տված խաղից։ Պնդել, որ Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև լարվածություն չի եղել կարծում ենք՝ ճիշտ չի լինի։ Այն սկիզբ էր առել դեռևս Անգլիայում, երբ մեր ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթ էր ունենում պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ։ Մոուրինյոն փորձում է տպավորություն ստեղծել, որ Մխիթարյանի վերաբերյալ իր որոշումներն ու գնահատականները բացառապես խաղային են՝ պրոֆեսիոնալ։ Մոուրինյոն միևնույն ժամանակ գիտակցում է, որ Մխիթարյանը կարևոր ֆիգուր է «Ռոմայի» համար և առանց նրա դժվար է պայքարել բարձր արդյունքների համար։ Այս պահին Հռոմի թիմը Ա սերիայում 22 միավորով 5-րդն է և լավ հնարավորություն ունի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու, ինչը հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։