Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին հանդիպումը կանցկացնի՝ հյուրընկալելով Հյուսիսային Մակեդոնիային։ Հիշեցնենք, որ հաղթանակի դեպքում մերոնք տեսական հնարավորություններ կպահպանեն J ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար։ Վաղվա հանդիպմանը մեր ազգային թիմը կմոտենա լուրջ կորուստներով։ Որակազրկման պատճառով չեն խաղա միանգամից 4 ֆուտբոլիստներ՝ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսականյանը, Էդուարդ Սպերցյանը և Սարգիս Ադամյանը։ Նշենք, որ Հարոյանն ու Ոսկանյանը կենտրոնական պաշտպաններ են և ընթացիկ շրջափուլում խաղային այս գոտում Կապառոսը հենց նրանց միջոցով էր կառուցում խաղը։ Կարևոր հանդիպումներին ընդառաջ Կապառոսը տրամարդրության տակ կար ընդամենը մեկը կենտրոնական պաշտպան ի դեմս Անդեր Չալըշըրի։ Նախօրեին, սակայն Խոակին Կապառոսը հավաքական հրավիրեց «Արարատի» կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանին։ Վերջինս սակայն «Արարատի» հիմնական կազմի ֆուտբոլիտ չէ և սովորաբար խաղադաշտ է դուրս գալիս կենտրոնական պաշտպաններ Հրայր Մկոյանի կամ Մարկո Պրլևիչի բացակայության պարագայում։ Խաղային այս դիրքում կարելի էր օգտագործել «Սևանի» կենտրոնական Արթուր Քարտաշյանին, որն ընթացիկ մրցաշրջանում կայուն խաղ է ցույց տալիս, բայց որոշումը մարզչինն է։ Ամեն դեպքում Նազարյանին նման պատասխանատու խաղում հիմնական կազմում վստահելը կարծում ենք այնքան էլ ճիշտ չի լինի։ Փորձենք հասկանալ թե ինչ մարտավարությամբ և ինչպիսի մեկնարկային կազմով Կապառոսը վաղը կսկսի խաղը։ Կենտրոնական հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ներկայության պայմաններում հավանական ենք համարում, որ իսպանացի մասնագետը կնախընտրի 4-2-3-1 դասավորությամբ։ «Առաջին լրատվական»-ի վարկածով դարպասում կլինի Դավիթ Յուրչենկոն իսկ պաշտպանության կենտրոնում Անդրե Չալըշըրը և Հովհաննես Համբարձումյանը։ Վերջինս սովորաբար խաղում պաշտպանության աջ եզրում, բայց Հարոյանի և Ոսկանյանի բացակայության պայմաններում հավանական է, որ խաղա կենտրոնում։ Չմոռանանք նաև, որ Համբարձումյանը հաջող է խաղում նաև երկրորդ հարկում։ Պաշտպանության աջ եզրում տեսնում ենք Դավիթ Տերտերյանին, իսկ ձախ եզրում՝ Կամո Հովհաննիսյանին։ Հենակետային գոտում կլինեն Սոլոմոն Ուդոն և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Սպերցյանի բացակայության պայմաններում Մխիթարյանին այս դիրքում խաղացնելը կարելի է համարել այնընտրանքային լուծում։ Մասնավորապես, թիմին անհրաժեշտ է շարժիչ ուժ դաշտի կենտրոնում, որը առաջ կտանի խաղընկերներին։ Լիխտենշտեյնի դեմ Երևանում տեղի ունեցած խաղում Կապառոսը Մխիթարյանին օգտագործել էր հենակետայինի դիրքում։ Ասել, որ այս որոշումն արդարացրեց իրեն ճիշտ չի լինի։ Չմոռանանք սակայն, որ վերջին 5 հանդիպումներում մեր հավաքականը խաղացել է առանց նոմինալ կենտրոնական հարձակվողի։ Ինչևէ, կիսապաշտպանության աջ եզրում տեսնում ենք Տիգրան Բարսեղյանին, իսկ ձախ եզրում թիմի ավագ Խորեն Բայրամյանին։ Լուկաս Սելարայանը կլինի ենթահարձակվողի դիրքում, իսկ Բալեկյանը՝ հարձակման կրակագծում։ Չի կարելի բացառել, որ Մխիթարյանի փոխարեն Կապառոսը հենակետային գոտում կօգտագործի Սելարայանին։ Վերջինս հենակետայի դիրքում խաղալու փորձ ունի սակայն իր թիմում «Կոլումբոսում» վերջին շրջանում առավել հաջող է ելույթ ունենում հենց ենթահարձակվողի գոտում։ Ներկայացվածը կարելի է համարել մեր հավաքականի թերևս ամենաօպտիմալ մեննարկային կազմը։ Կարծում ենք՝ Մխիթարյանին, Բայրամյանին, Բարսեղյանին, Բալեկյանին և Սելարայանին Կապառոսը անպայման կընդգրկի մեկնարկային կազմում։ Առաջիկա մրցավեճը մեզ համար վճռորոշ է լինելու և անհրաժեշտ է գործի դնել ձեռք տակ եղած ողջ արսենալը։ Կարծում ենք նաև վաղը խաղաժամանակ կստանա նաև «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը լավ մարզավիճակում է և վերջին հանդիպումներում իր թիմի կազմում աչքի է ընկել արդյունավետ գործողություններով։