Հայաստանի հավաքականի մրցակիցը լուրջ կորուստներ ունի

Հայաստանի հավաքականի մրցակիցը լուրջ կորուստներ ունի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը կսկսի նախապատրաստվել նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ հանդիպումներին։ Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Հայաստանի ազգային հավաքականը տեսական հնարավորություններ է պահպանում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու։ Այս պահին J ենթախմբում Գերմանիան 21 միավորով առաջինն է և անկախ վերջին երկու տուրերի արդյունքներից կպահպանի դիրքը։ Այսինքն վերջին երկու հանդիպումները բունդեսթիմի համար մրցաշարային առումով որևէ նշանակություն չունեն։ Նշենք սակայն, որ վերջին երկու հանդիպումներին Գերմանիայի ազգային հավաքականը կներկայանա մարտական կազմով։ Մասանավորապես աշխարհի քառակի չեմպիոնի գլխավոր մարզիչ Ֆիլկը Լիխտենշտեյնի և Հայաստանի հավաքականի հետ հանդիպումներին հրավիրել է առաջատար բոլոր ֆուտբոլիստներին։ Ինչևէ, խմբում երկրորդ հորիզոնականում այս պահին 13 միավորով ռումինացիներն են։ Հյուսիսային Մակեդոնիան 12 միավորով երրորդ հորիզոնականում է։Նույնքան միավոր ունի նաև Հայաստանի հավաքականը, սակայն խփած և բաց թողած գնդակների հարաբերակցության հաշվարկում զիջում ենք մակեդոնացիներին։ Նոյեմբերի 11-ին Ռումինիան կհյուրընկալի Իսլանդիային։ Այս հանդիպումը մրցաշարային առումով անչափ կարևոր է թե Հայաստանի և թե Հյուսիսային մակեդոնիայի համար։ Մասնավորապես,ռումինացիների նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում Հայաստանի կամ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը իրական հնարավորություն կստանա ընտրական մրցափուլն ավարտելու երկրորդ հորիզոնականում։ Բուքմեյքերները Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա մրցավեճում կողմերի հնարավորությունները հավասար են գնահատում։ Նշենք, որ որակազրկման պատճառով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը բաց են թողնելու կենտրոնական պաշտպաններ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև հարձակվող Սարգիս Ադամյանը։ Առաջիկա խաղում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տրամադրության տակ կա ընդամենը մեկ նոմինալ կենտրոնական պաշտպան ի դեմս Անդրե Չալըշըրի։ Այո, մեր հավաքականը նոյեմբերի 11-ին ասպարեզ դուրս կգա կորուստներով, նշենք, սակայն որ առաջիկա խաղին ընդառաջ կորուսներ ունի նաև Հյուսիսային Մակեդոնիան։ Հայաստանի հավաքականի դեմ մրցավեճը որակազրկման պատճառով բաց կթողնի Հյուսիային Մակեդոնիայի ավագ և առաջատար Ստեֆան Ռիստովսկին։ Վնասվածքի պատճառով Երևանում կայանալիք հանդիպմանը չի մասնակցի Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Արիջան Ադեմին։ Վերջինս հանդիսանում է Հյուսիսային Մակեդոնիայի երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Ադեմիի տրանսֆերը գնահատված է մոտ 9 միլիոն եվրոյով։ Հյուսիսային Մակեդոնիայի ամենաթանկ ֆուտբոլիստը «Նապոլիի» կիսապաշտպան Էլիֆ Էլմասն է, որի տրանսֆերը 17 միլիոն եվրո է։