Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանի հարցին, թե այս պահին որն է Հայաստանի պետական սահմանը: «Հայաստանի Հանրապետությունը ելնում է նույն սահմանից, որը նկարագրված է 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում: Այդտեղ նկարագրված է, թե որտեղ է ավարտվում Հայաստանը և որտեղ է սկսվում Ադրբեջանը: Մենք այսօր ելնում ենք այդ իրողությունից, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դա 100 տոկոսանոց ճշգրիտ է: Մենք ասում ենք, որ Սոթք-Խոզնավար շրջանում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են մեր սահմանը, մնացած հատվածներում մենք ունենք որոշակի ստատուս քվո»,- նշել է ՀՀ վարչապետը՝ հայտնելով, որ Հայաստանի տարածքը արձանագրվել է 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքի քվեարկությամբ, և Հայաստանի զինված ուժերն էլ առաջնորդվում են այս տրամաբանությամբ: Փաշինյանն արձանագրել է նաև, որ գործող սահմանը ճշգրիտ դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիր ունի: