Առողջությո՞ւն, թե՞ իրավիճակ է փոխվում. Էրդողանը մոռացա՞վ Հայաստանի առաջ քաշած պայմանը

Առողջությո՞ւն, թե՞ իրավիճակ է փոխվում. Էրդողանը մոռացա՞վ Հայաստանի առաջ քաշած պայմանը

Թուրքիայի նախագահ Էրդողանը Իլհամ Ալիևի հետ մասնակցելով Արցախի դեմ պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում օդանավակայանի բացմանը, հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությանը: Էրդողանի անդրադարձը հետաքրքիր է մի հանգամանքի առումով: «Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք կհամապատասխանեն տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությանը: Մենք կողմ ենք կայուն խաղաղությանն ու բազմակողմ հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է որոշել պետական սահմանները և փոխադարձաբար դրանք ճանաչել», ասել է նա, նշելով, որ չկա հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը խանգարող այլ բան: Էրդողանը մոռացե՞լ է այսպես կոչված «միջանցքի» մասին, որի վերաբերյալ խոսել էր հանդիպելու վերաբերյալ Վրաստանի վարչապետի միջոցով փոխանցված Հայաստանի վարչապետի հայտնի առաջարկի մասին բարձրաձայնելիս: Գործ ունենք ծերունական մոռացությա՞ն հետ, թե՞ իրավիճակի փոփոխության, երբ Էրդողանի համար հայ-թուրքական հարաբերության կարգավորման խնդիրը միայն Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտումն ու փոխադարձ ճանաչումն է: Եվ արդյո՞ք սահմանների ճանաչման մասին խոսելով, Թուրքիայի նախագահը չի ակնարկում, որ խորքային առումով Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերության կարգավորման գլխավոր խնդիրը այն է, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի հետ փոխադարձ սահմանը: Ինչպես հայտնի է, Հայաստանի անկախ հանրապետությունն այդ սահմանը չի ճանաչել: Իհարկե այս ամենը մեկնաբանության կամ ենթադրության դաշտում է, որովհետև նույն հայ-ադրբեջանական սահմանի ճանաչման համատեքստում Էրդողանը կարող է «հանգիստ տեղավորել այսպես կոչված «միջանցքի» հարցը, և գուցե այս պարագայում հենց այդպես էլ դիտարկում է: Մյուս կողմից, հենց այն հանգամանքը, որ նա կարող է այդ թեման շոշափել ոչ թե ապրիորի, այլ ըստ անհրաժեշտության, արդեն իսկ ուշադրության արժանի հանգամանք է: Ասել կուզի, որ Էրդողանն այս դեպքում գերադասել է չխոսել միջանցքից: Եվ այստեղ թերևս ուշադրության է արժանի մի հանգամանք էլ: Ալիևի հետ լինելով ադրբեջանաթուրքական վերահսկողության տակ անցած տարածքներում, Էրդողանը հետևել է նաև ճանապարհաշինության ընթացքին, որն ալիևյան քարոզչությունը ներկայացնում է իբրև «զանգեզուրյան միջանցքի» այսպես ասած առարկայացում: Այդ պարագայում, հայ-թուրքական հարաբերության առումով խոսել «միջանցքի» մասին Էրդողանի և Ալիևի խոսքը կհնչեր տարօրինակ: Նրանց ունկընդիր ադրբեջանական հանրության մոտ հարց կառաջանար՝ եթե իրականությանը համապատասխանում է «միջանցքի» հարցում հաջողության և անգամ կառուցման մասին քարոզչությունը, այդ դեպքում էլ ի՞նչ կարիք կա խոսել Հայաստանի առաջ այդպիսի պայմանի մասին: Այդպիսով, մեծ հավանականությամբ ադրբեջանա-թուրքական շրջանառության մեջ «միջանցքը» ավելի շատ վերածվում է այսպես ասած ներքին սպառման առարկայի: Այսինքն, Ալիևը պատերազմից հետո փորձել է Հայաստանին թելադրել օրակարգ, այսպես ասած տաք հետքով, սակայն չհաջողելով այդ գործում, մեծ հաշվով դարձել է իր այդ «հնչեղ» փորձի գերին իր հանրության առաջ: Ըստ այդմ, պետք է որևէ կերպ բավարարել հանրությանը: Սա անշուշտ չի նշանակում, թե Ադրբեջանը և Թուրքիան հրաժարվելու են արտաքին տիրույթում այդ օրակարգը առաջ մղելու փորձերից: Հետևաբար Հայաստանը պետք է շարունակի զգոն և ամուր լինել դրանք հետ մղելու գործում, այդ թվում և փորձելով օգտագործել խնդիրները, որ Ալիևը ժամանակի ընթացքում կուտակելու է հենց իր հանրության հետ հարաբերություններում: Միաժամանակ, Երևանը թերևս պետք է փորձի օգտագործել նաև որոշակի մասշտաբային տարբերությունները, որ ունեն Ալիևի և Էրդողանի խնդիրները: Սա անկասկած բավականին բարդ և տարողունակ դիվանագիտական աշխատանք պահանջող իրողություն է, ավելի շուտ գործընթաց, որում կարող են լինել տարբեր, բազմաբնույթ նպատակներ, իսկ որևէ նպատակի հասնելու հնարավորությունները խիստ հարաբերական: Բայց սա է հայկական քաղաքականության խնդիրը ռեգիոնալ նոր իրավիճակում, որի լուծումներին պետք է գնալ քայլ առ քայլ: