Շիրակի մարզպետը չի համալրի Գյումրու ավագանու շարքերը. 4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Շիրակի մարզպետը չի համալրի Գյումրու ավագանու շարքերը. 4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Գյումրու ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը չի համալրի Գյումրու ավագանու շարքերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: Ըստ ընտրական օրենսգրքի` հոկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին լրանում է Գյումրու ավագանու թեկնածուների ինքնաբացարկի ժամանակը: Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ ինքնաբացարկի դիմում ստացել է 4 թեկնածուներից: Թեկնածուներից 2 ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիրը», ընդ որում` նրանցից մեկը ՔՊ-ի առաջին համարն է՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: «Ինքնաբացարկ է ներկայացրել նաև ՀՀԿ-ի ավագանիների ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը: Մեկ ինքնաբացարկի դիմում էլ ներկայացվել է «Բալասանյան դաշինք» կուսակցությունից»,-նշեց Տիգրան Ղազարյանը: Հավելենք, որ ՏԻՄ ընտրություններում Գյումրու ավագանու շեմը հաղթահարած կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները վաղը տարածքային ընտրական հանձնաժողովից կստանան իրենց քաղաքական ուժի ավագանիների անվանական մանդատները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %), «Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%), Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%): Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: