Կաթոլիկ աշխարհում լրջագույն առավելություն ենք ստացել, Բաքուն նույն պահին կողմնորոշվեց՝ Վատիկանում դեսպանատուն բացելով

Կաթոլիկ աշխարհում լրջագույն առավելություն ենք ստացել, Բաքուն նույն պահին կողմնորոշվեց՝ Վատիկանում դեսպանատուն բացելով

Վատիկանը Երևանում բացում է ներկայացուցչություն: Այդ ֆոնին Ադրբեջանը հայտարարում է Վատիկանում դեսպանություն բացելու մտադրության մասին: Մինչ այդ վատիկանյան գործերով զբաղվում էին Փարիզի իրենց դեսպանությունից: Իհարկե ասել, որ այստեղ մոտիվը լոկ արցախյան հարցն է, հայ-ադրբեջանական հակամարտությունը, թերևս կլինի չափազանցություն: Բայց լայն իմաստով անկասկած է, որ Վատիկանին առավել «մերձենալու» Բաքվի մոտիվների շարքում արցախյան հարցն էականներից է: Թերևս ունենք հիմքեր ասելու, համենայնդեպս դատելով հրապարակային մակարդակից, որ Հայաստանը Սուրբ Աթոռի հետ հարաբերության իմաստով ունի «դիրքային առավելություն» և պետք է անել առավելագույնը՝ այն պահպանելու համար: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը նշում է՝ մոտ երեք ամիս առաջ էր, երբ Վատիկանը որոշեց Հայաստանում ներկայացուցչություն բացել և  այն միանշանակ Հայաստանին ուղղված դիվանագիտական-քաղաքական աջակցություն էր․ «Նախկինում Հարավային Կովկասում Վատիկանը ներկայացուցչություն ուներ միայն Թբիլիսիիում ու այնտեղից էր նաև Երևանի հետ համագործակցում։ Իսկ ահա  այս որոշմամբ նրանք հարգանք ցույց տվեցին հայ ժողովրդի նկատմամբ և ամենակարևորը՝ այն ասպեկտը, որ մենք քրիստոնյա հին ժողովրդներից ենք իր դերը ևս խաղաց»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ոչ բոլոր տեղերում է Վատիկանը ներկայացուցչութուն բացում, իրենց սկզբունքները այլ են․«Բայց  մենք հին քրիստոնյա ժողովուրդ ենք, րոը հարձակման է ենթարկվել ևս նրանք չէին կարող հաշվի չառնել։ Այսօր էլ Վատիկանից  բարձր պաշտոնյա են ուղարկել, որ այդ բացումն անի։ Փաստորեն Վատիկանը Հայաստանում կունենա ներկայացուցիչ, դեսպան։ Սա նշանակում է, որ Վատիկանը Հայաստանի նկատմամբ հատուկ վերաբերունք ունի, ինչն էլ կմեծացնի Հայաստանի ազդեցությունը հենց քրիստոնյա աշխարհում։ Կաթոլիկների աշխարհը մոտավորապես մեկ միլիարդանոց աշխարհ է։ Վատիկանը ցույց տվեց մեծ հարգանք, ինչը դիվանագիտական ու արտաքին քաղաքական աշխարհում մեր դիրքերը կուժեղացնի>>։   Քաղաքագետը  նշում է, որ սրանով նաև արձանագրվում է Հայաստանի սուվերենությունը․«Մինչդեռ գաղտնիք չէ, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստանի սուվերենությունը բավականին անկում է ապրել։ Ես ուզում եմ ասել, որ մենք այո՛,  չպետք է ամաչենք սովորել նաև Ադրբեջանից։ Ու թող հայերը սրա վրա իրենց բերանները չծռեն՝ ասելով, որ դա հնարավոր բան չէ։ Ադրբեջանը հասկացավ, որ Հայաստանը սրանով դառնում է լրջագույն գործոն, դրա համար էլ իրենք որոշեցին Վատիկանում դեսպանություն բացել։ Միանշանակ սա դրա պատասխանն էր։ ադրբեջանը կոնտր քայլ արեց՝ այդ դեսպանատունը բացելով։ Համոզված եմ, որ սա բացելով կասեն, որ իրենց մոտ Ադրբեջանում  կան նաև քրիստոնյա ազգեր, Արցախում ամբողջը  հայկական եկեղեցիներ  չեն։Մենք ստացել ենք լրջագույն առավելություն կաթոլիկ աշխարհում, տեսա՞ք Ադրբեջանը ինչպես նույն պահին կողմնորոշվեց։ Ես ուզում եմ, որ մենք էլ սովորենք արագ արձագանքել, քանի որ շատ հարցեր լուծվում են ոչ թե զենքով, այլ դիվանագիտական-քաղաքական ազդեցիկ քայլերով։ Դժբախտաբար մեզ մոտ կա պրիմիտիվ ընկալում՝ եթե զենք ունես, ամեն ինչ կարող ես անել։ Այո՛, զենք էլ, ուժեղ բանակ էլ պետք է ունենանք, բայց  աշխարհը ցույց է տալիս, որ այլ գործիքներ ոչ պակաս ուժեղ են։ Օրինակ՝ դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը»,-եզրափակեց նա։