Արցախի նախագահը Դահրավ համայնքում հետևել է «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին

Արցախի նախագահը Դահրավ համայնքում հետևել է «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային հերթական շրջայցը սկսել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից, որտեղ ծանոթացել է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներին։ Նախագծով նախատեսված 15 քառահարկ շենքերը, որոնք, ընդհանուր առմամբ կունենան 2, 3 և 4 սենյականոց 240 բնակարան, շահագործման կհանձնվեն 2023 թ.: Երկրի ղեկավարն այնուհետև այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ համայնք և հետևել «Ապրելու Արցախ» հիմնադրամի ու Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին: Պատասխանատուները տեղեկացրել են, որ ծրագրին արդեն արձագանքել են մեկ տասնյակից ավելի շահառուներ, և հույս ունեն, որ նրանց թիվը շարունակելու է աճել: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել նախաձեռնության հեղինակներին, ընդգծել, որ Արցախի Հանրապետության կառավարությունը շարունակելու է իր բաժին մասնակցությունն ունենալ համահայկական ուժերով իրականացվող նախագծին: Նախագահը ծանոթացել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկած Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն և Պատարա համայնքները մայրուղուն կապող ավտոճանապարհների կառուցման աշխատանքներին: Մանրամասները տեղում ներկայացրել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ ընթացիկ տարում նախատեսվում է ավարտել հողային հիմնական աշխատանքները, իսկ հաջորդ տարում կիրականացվի ասֆալտապատումը: Շրջայցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև Պատարայի ջրամբարի շինհրապարակում, ծանոթացել Ստեփանակերտը խմելու ջրով ապահովվելուն ուղղված խողովակաշարի անցկացման գործընթացին: Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը հավաստիացրել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և, համաձայն նախագահի հանձնարարականի, 2022 թվականի գարնանն այն շահագործման կհանձնվի: Արայիկ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ծրագրերի պատասխանատուներին՝ շեշտել, որ դրանք հետևողական կերպով պետք է իրագործել ժամանակին և բարձր որակով: