Բրազիլիայի նախագահին կարող են COVID-19-ից մահերի պատճառով զանգվածային սպանությունների մեջ մեղադրել

Բրազիլիայի նախագահին կարող են COVID-19-ից մահերի պատճառով զանգվածային սպանությունների մեջ մեղադրել

Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը հանձնարարում Է զանգվածային սպանությունների մեջ մեղադրանք առաջադրել նախագահ Ժայիր Բոլսոնարուի նկատմամբ՝ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի գործում նրա գործողությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով կոնգրեսի հետաքննության զեկույցի նախագիծը: Փաստաթղթի համաձայն, որին հաջողվել Է ծանոթանալ հեռուստաալիքը, Բոլսոնարուն եւ կառավարության մյուս պաշտոնյաները մեղադրվում են այն բանում, որ նրանք թույլ են տվել, որպեսզի կորոնավիրուսը բնակչության շրջանում տարածվի՝ կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերման հույսով: Զեկույցի հեղինակները Բոլսոնարուի վարչակազմին մեղադրում են COVID-19-ի պատճառով երկրում արձանագրված բոլոր մահերի ավելի քան կեսի մեջ եւ կոչ են անում՝ սպանության մեջ մեղադրանք առաջադրել նախագահի դեմ: «Համավարակի նկատմամբ կառավարության անխոհեմ մոտեցումը բրազիլացիներին ենթարկել Է զանգվածային վարակման կոնկրետ ռիսկի»,-նշվում Է զեկույցում: Զեկույցի նախագծում նաեւ հանձնարարվում Է քրեական մեղադրանքներ առաջադրել 69 այլ անձանց, այդ թվում՝ Բոլսոնարուի երեք որդիների եւ կառավարության ներկա ու նախկին բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ: Սպասվում Է, որ վերջնական փաստաթուղթը պաշտոնապես Բրազիլիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի 20-ին, CNN-ին հաղորդել Է Բրազիլիայի Սենատի համավարակի խորհրդարանական հետաքննության (CPI) գծով ներկայացուցիչը: Փաստաթղթի նախագծի մի քանի մասեր դեռեւս կարող են փոխվել կամ նորացվել մինչեւ դրա պաշտոնապես ներկայացվելը: Հաջորդ շաբաթ Սենատի հանձնաժողովի կողմից հավանություն տրվելուց հետո հաշվետվությունը կուղարկվի գլխավոր դատախազ Աուգուստո Արասին, որն այնուհետեւ 30 օր կունենա այն միջոցառումների մասին հայտարարելու համար, որոնք բխում են զեկույցից: Արասը, որին շատերը համարում են Բոլսոնարուի դաշնակիցը, ինչպես սպասվում Է, նախագահին սպանության մեջ չի մեղադրի: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Բրազիլիայում համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է COVID-19-ի ավելի քան 21,6 միլիոն դեպք, մահացել Է ավելի քան 603 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: