Պատերազմը, ցավոք, շարունակվում է. նոր ողբերգություն

Պատերազմը, ցավոք, շարունակվում է. նոր ողբերգություն

Երևան-Գյումրի միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել ողբերգական վթար: Գազելը կողաշրջվել է, ինչի հետևանքով կա առնվազն 6 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Այս ողբերգությունն անկասկած այն «պատերազմի» հետևանքն է, որն արդեն տարիներ շարունակ ծավալվում է Հայաստանի ճանապարհներին՝ երթևեկության անվտանգության մշակույթի բացարձակ բացակայության պայմաններում, ընդ որում թե իրականացվող վերահսկողության,, թե կանխարգելիչ միջոցառումների մեղմ ասած անբավարարության գործոնով: Մենք սգում, խնկարկում ենք մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմի մեր զոհերի հիշատակը, մենք ծանրությամբ հաշվում ենք կորոնավարակի հետևանքով ամենօրյա զոհերի վիճակագրությունը: Այդ ամենի համեմատ իհարկե ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը թվում է, թե սարսափելի չէ, սակայն այդ մահաբեր «պատերազմը» կարծես թե ոչ սկիզբ ունի և ոչ էլ վերջ: Տարեկան Հայաստանի ճանապարհներին զոհվում է մի քանի հարյուր քաղաքացի, և դա տարիներ շարունակ, փոքր Հայաստանում: Այդ երևույթն ամենից ընդգծված վերաբերմունքի եթե արժանանում է, ապա կայքերում կամ այլ լրատվամիջոցներում դիտողունակության աճի համատեքստում՝ հասարակությունը կլանում է պատահարների վերաբերյալ տեղեկություններն ամենայն մանրամասնությամբ, սակայն այդպես էլ չի անում դույզն իսկ համարժեք հետևություն: Ավելին, խոշոր հաշվով նրանք, որոնք անկարգապահ, անվտանգության կանոնների վրա թքած ունեցողներն են, թերևս չեն էլ հետևում անգամ լրահոսին, իսկ հանրության մյուս մասը այն սպառում է, սակայն չի էլ փորձում վերածել միջավայրի, մթնոլորտի, որտեղ անվտանգության ճանապարհային երթևեկության կանոնները խախտող որևէ մեկը՝ վտանգավորության ինչ բնույթի էլ լինի խախտումը, հանրայնորեն ընկալվի որպես հանցագործ՝ ինչպես գրպանահատը, բնակարանային գողը կամ մարդասպանը: Ի վերջո, ինչո՞ւ որևէ մեկը բացահայտորեն չի գնում գողության կամ մարդասպանության, որովհետև արժանանալու է հանրային արձագանքի: Հնարավո՞ր է հասնել իրավիճակի, երբ ճանապարհային երթևեկության կանոնները խախտողը, դրանց վրա թքած ունեցողը հավասարապես կընկալվի իբրև հանցագործ  և կարժանանա հանրության համարժեք արձագանքի: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հանցագործություն է, որը կարող է բերել ընդհուպ մարդկային կյանքի կորստի: Հետևաբար, խախտման որևէ գիտակցված, միտումնավոր դեպք պետք է հայաստանյան հանրության մոտ ունենա հենց այդ ընկալումը՝ գործ ունենալով խախտողի հետ, հանրությունը գործ ունի հանցագործի հետ, հետևաբար հանցանքը լռության մատնելու պարագայում, հանդուրժելու պարագայում դառնում է հանցակից, առնվազն բարոյական մակարդակում: Պետք է աշխատել սրա ուղղությամբ: Միաժամանակ, դա չի նշանակում, որ պետք է շարունակի իրական անվտանգության հասնելու ուղղությամբ չաշխատել ճանապարհային ոստիկանություն կոչվող կառուցը: