ՔՊ-ի համար դժվար է լինելու մյուս  համայնքներում «հաղթող» թեկնածու գտնել

ՔՊ-ի համար դժվար է լինելու մյուս  համայնքներում «հաղթող» թեկնածու գտնել

Գորիսում ու Գյումրիում պարտություն կրելուց հետո իշխանություններն էլ ավելի լուրջ են տրամադրվում նոյեմբերին ու դեկտեմբերին մյուս համայնքներում սպասվող ընտրություններին։ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին հստակ մասնակցության մասին հայտարարել է լիազորությունները դադարեցված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ խոստանալով առաջիկա օրերին հստակեցնել մասնակցության ձևաչափը։ Մասնակցության մասին   հայտարարել են նաև Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը, թեկնածուն՝ կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանն է։ Կան հայտարարություններ նաև այլ ուժերի կողմից, սակայն վերջնական հստակեցում չկա։ Բնականաբար ընտրություններին կմասնակցի նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ եթե մինչև հոկտեմբերի 17-ը որոշում կար Վանաձորում ևս Գյումրու օրինակով  առաջադրել գործող մարզպետին, այժմ ՔՊ-ն որոշումը փոխել է։ Մեզ հասած ինֆորմացիայի համաձայն՝ իշխանության թեկնածուն կլինի «Արփի» տաքսի ծառայության հիմնադիր, ՎՊՀ դասախոս Մանվել Ոփյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության մեդիա պարտականությունները կատարող  Արթուր Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին կուսակցությունը Վանաձորի մասին որոշում չի կայացրել և մեր տեղեկությունը հերքել կամ հաստատել չի կարող։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վերլուծելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները, խոշոր համայնքներում իշխանությունների պարտությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իշխանության համար խնդիր են լինելու նաև մյուս համայնքներում սպասվող ընտրությունները․«Նրանք մարզային ակտիվ գործիչներ չունեն։ Կոնկրետ իշխանությունն այլևս ոչինչ չի կարող անել, մեկ ամսվա ընթացքում նա չի կարող նոր պայմանական Առուշ Առուշանյան ստեղծել մարզերում։ Հիմա էլ տեսնում ենք, որ իշխանությունը մարզերում օգտվում է այն նույն տեխնոլոգիաներից, որից նախկին իշխանությունն էր օգտվում»։ Բադալյանի դիտարկմամբ՝ դժվար է նշել, արդյոք ընդդիմությունն էլ կունենա կարկառուն ներկայացուցիչ․«Եթե  ընդդիմությունն ունենա այդպիսի թեկնածու, իշխանությունը կպարտվի։ Ընտրություններ են սպասվում նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 5-ին։ Իշխանությունը չի կարող ակտիվ գործիչների հայթայթել այս ընթացքում, որ կարողանան հաղթանակ գրանցել։ Ուստի անելու է այն՝ ինչ անում էր նախկինում Հանրապետականը։ Այնպես էլ չէ, որ բոլոր մարզերում վարչապետը վարկանիշ չունի, զրոյական է։ Կան մարզեր, որտեղ իր կողմնակիցները կհաղթեն, շատ տեղերում մրցակիցները չունեն վարկանիշ՝ իսկ ինքն ունի։ Դրա համար էլ որոշ համայնքներում կպարտվի, որոշներում՝ կհաղթի»: