Այո, ես պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանին, իսկ Մուրադ Փափազյանը մտերիմ է ընդդիմության հետ. Արա Թորանյան

Այո, ես պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանին, իսկ Մուրադ Փափազյանը մտերիմ է ընդդիմության հետ. Արա Թորանյան

Մամուլի տեղեկությունների համաձայն, այս տարի Ֆրանսիայի հայկական  կազմակերպությունները համակարգող խորհրդի կողմից ավանդաբար իրականացվող տարեկան ընթրիքի կազմակերպման հարցում որոշակի խոչնդոտներ են առաջացել: Հիշեցնենք, որ այս ընթրիքին ավանդաբար ներկա է լինում Ֆրանսիայի նախագահը: Բանն այն է, որ այդ ընթրիքը կազմակերպում են Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը։ Մուրադ Փափազյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, Արա Թորանյանն էլ խմբագրում է Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դե Արմենիի» թերթը։ Արա Թորանյանն իր թերթում  ՀՀ իշխանություններին կոշտ քննադատությունների չի ենթարկում, իսկ Մուրադ Փափազյանը պահում է Հայաստանի դաշնակցականների վարած քաղաքականությունը, այդ թվում փորձեր  են արվում գցել ՀՀ իշխանությունների վարկանիշը Ֆրանսիայում, ընդհուպ՝  հարված  հասցնելով հայ-ֆրանսիական հարաբերություններին։ Այս առումով որոշակի տարակարծություններ կան նաև Մուրադ Փափազյանի ու Արա Թորանյանի միջև, ինչն էլ ավելի է դժվարացնում ընթրիքի կազմակերպման գործընթացը։ Այժմ, մեզ հասած ինֆորմացիայի համաձայն, խնդիրը նաև այդ ընթրիքին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մասնակցությունն է, ում Ֆրանսիայում Դաշնակցական կառույցները մեծ դժկամությամբ են ընդունում։ Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը փորձե մեկնաբանություն ստանալ Արա Թորանյանից: վերջինս նշեց. «Ընթրիքը, ինչպես միշտ, տեղի կունենա փետրվարի սկզբին ՝ հանրապետության նախագահի ներկայությամբ: Մուրադ Փափազյանի և իմ միջև որևէ խնդիր չկա: Մենք տարբեր կարծիքներ ունենք Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչպես գիտեք: Ես պաշտպանում եմ Կառավարությանը և նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ նա մտերիմ է ընդդիմության հետ: Բայց մենք մեկ ձայնով խոսում ենք Ֆրանսիայում ՝ պաշտպանելու Հայաստանի շահերը Ֆրանսիայի կառավարությանը և Էմանուել Մակրոնին: Այս հիմնարար կետի վերաբերյալ կասկած լինել չի կարող»: