Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կհասկանա՞ն միմյանց. փոխադարձ հարցեր

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կհասկանա՞ն միմյանց. փոխադարձ հարցեր

Ռեգիոնալ այց է կատարում Հարավային Կովկասի երկրների ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչը, որը փոխարինել է արդեն բավականին հայտնի դարձած Ջեյմս Ափաթուրային: Մինչ Կովկաս այցելելը նա գրառում է արել, որ անհամբերությամբ է սպասում այցին, որի ընթացքում ակնկալում է տեղեկանալ ՆԱՏՕ-ի հետ գործակցության կովկասյան երկրների մոտեցումներին և պատրաստակամությանը: Պետք է նկատել սակայն, որ այսօր թերևս կա խնդիր ոչ միայն կովկասյան երկրների մոտեցումները հասկանալու, այլ նաև ՆԱՏՕ-ի մոտեցումները գնահատալու հարցում: Օրինակ, նույն Հարավային Կովկասի երկիր Հայաստանի համար ավելի քան մեկ տարի հարց է, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՆԱՏՕ-ն այն առնչությամբ, որ իր անդամ Թուրքիան գործնականում բացահայտորեն մասնակցել է Արցախի հայկական բնակչության հանդեպ պատերազմին, ընդ որում օգտագործելով նաև վարձկան-ահաբեկիչներ: Դեռևս 44-օրյա պատերազմի օրերից այդ հարցը Հայաստանից ուղղվում է ՆԱՏՕ, սակայն՝ գործնականում առանց պատասխանի: Համենայնդեպս, որևէ էական մակարդակում Հյուսիսատլանտյան դաշինքը չի տվել լիարժեք և ամբողջական գնահատական, թե ինչպես է գնահատում իր անդամ Թուրքիայի ներգրավվածությունը Արցախի դեմ պատերազմին: Պատրա՞ստ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչը Երևանում օրինակ անդրադառնալ թեմային, և ոչ միայն ՆԱՏՕ-ի համար հասկանալ Երևանի մտադրությունները, այլ նաև Երևանին հասկանալիորեն ներկայացնել Թուրքիայի պատերազմական մտադրությունների, դրանց իրագործման և հետագայում էլ հետպատերազմական հարցերում Ադրբեջանի անվերապահ աջակցության առումով ՆԱՏՕ-ի գնահատականը: Արևմուտք-Ռուսաստան սառը պատերազմյան տրամաբանությամբ կոշտ դիմակայության վերադարձից ի վեր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը բավականին բարդացել է: Հայաստանի համար բավականին բարդ է երկու հակադիր բևեռների միջև մանևրը, հատկապես, երբ կովկասյան ռեգիոնում փաստորեն իրավիճակը ըստ էության եռաշերտ է՝ ՆԱՏՕ-ն ներկայացված է ոչ թե ուղիղ, այլ Թուրքիայի միջոցով, որը սակայն միևնույն ժամանակ դիտվում է Ռուսաստանի գործընկեր: Անկասկած է, որ թե ՆԱՏՕ-ն, թե Ռուսաստանը Թուրքիան դիտարկում են միմյանց դեմ օգտագործելի սուբյեկտ և ջանք գործադրում այդ ուղղությամբ: Ահա այդ իրավիճակից կարողացավ օգտվել նաև Թուրքիան, պատերազմի միջոցով հաստատվելով Կովկասում: Անկասկած է, որ ՆԱՏՕ-ն էլ շատ հարցեր ունի Հայաստանին: Բայց, այստեղ հարկ է նկատել մի կարևոր դետալ: Երկու կողմի ուժերը, ներուժը՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական, բացարձակապես համադրելի չեն, հետևաբար հնարավոր չէ Հայաստանից ակնկալել նույն քաղաքականությունը, ինչ կարող է Հայաստանը ակնկալել ՆԱՏՕ-ից: Ի վերջո անկասկած է, որ Հայաստանն իր հնարավորության չափով, գուցե մի փոքր ավելի, գուցե մի փոքր պակաս, բայց ընդհանուր առմամբ իր հնարավորության չափով պահել է հարաբերությունը ՆԱՏՕ-ի հետ, հաշվի առնելով ռուսական գործոնը: Միևնույն ժամանակ, ներկայումս կա նաև մեկ այլ խնդիր: Խոսքն այն մասին է, թե ներկայիս աշխարհում իրենից ինչ է ներկայացնում ՆԱՏՕ-ն: Այստեղ անկասկած է, որ միայն Թուրքիայի խնդիրը չէ, այլ մի շարք այլ երկրների: Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն ինքը կանգնած է լուրջ «ռեսթարթի» խնդրի առաջ, հետևաբար անկասկած է, որ իսկապես ունի ոչ միայն հասկանալու, այլ նաև հասկացվելու խնդիր: Այդուհանդերձ, Երևանի համար պետք է առանցքային խնդիր լինի դաշինքի հետ առավելագույն հարաբերության ձգտելը, հատկապես, երբ կա բանակի արդիականացման խնդիր, իսկ ՆԱՏՕ-ն այդ առումով թերևս ամենաարդիականացված ռազմա-քաղաքական կազմավորումն է, որից կա վերցնելու շատ բան: