Երկու ոտք՝ տարբեր ուղղություններ. Վարդան Օսկանյանի նուրբ «բացթողումը»

Երկու ոտք՝ տարբեր ուղղություններ. Վարդան Օսկանյանի նուրբ «բացթողումը»

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նոր հոդված է հրապարակել արցախյան հարցի հետպատերազմյան քաղաքական-դիվանագիտական հեռանկարի և Հայաստանի անելիքի վերաբերյալ: Վարդան Օսկանյանը որոշակի անդրադարձ է կատարում մինչև 2018 թվականի հեղափոխությունը եղած իրավիճակին և այդ ընթացքում ներկայացված բոլոր տարբերակները դիտարկում հայկական կողմի քաղաքականությունն արտացոլող, սկսած Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի շրջանից, մինչև երկրորդ և երրորդ նախագահներ Քոչարյան ու Սարգսյան: Հետո արդեն Վարդան Օսկանյանն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի թույլ տված սխալներին, ավելացնելով նաև, թե ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել, պարզապես դրա համար Փաշինյանը պետք է կարողանա անկախ քաղաքական վերաբերմունքից խորհրդակցել մարդկանց հետ, ովքեր կարող են արդյունավետ և գործնական խորհրդատվություն տալ այս թեմայով: Ընդհանուր առմամբ պետք է նկատել, որ արտաքին գործերի նախկին նախարարը իր հոդվածներով իրավիճակին անդրադառնում է բավականին կոռեկտ և փորձում մնալ այսպես ասած մասնագիտական-քաղաքական շրջանակում: Սա պետք է լինի օրինակ բոլոր այդ նախկին պաշտոնյաների համար, որոնք պարբերաբար փորձում են այս կամ այն կերպ ընդգծել իրենց փորձը, բայց անում են դա այնպիսի ոճով, որ հանրությունը այդ փորձը դիտարկելու փոխարեն պարզապես արձանագրում է պրիմիտիվ ռևանշիզմ, ոչ մի այլ բան: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի հրապարակման բովանդակությանը, ապա այստեղ թերևս կա մի նրբերանգ: Մի կողմ թողնենք, թե որքանով են նախապատերազմյան կամ նախահեղափոխական ներկայացված տարբերակները ամբողջապես արտացոլել հայկական շահն ու անվտանգությունը: Նախկին նախարարը նշում է, որ բոլոր տարբերակները համահունչ են եղել արցախյան հարցում հայկական կողմի քաղաքականությունը, յուրաքանչյուր նախագահի ժամանակ՝ նրա վարած քաղաքականությանը: Այստեղ կա թերևս կարևորագույն մի նրբերանգ: Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում, Վարդան Օսկանյանը թերևս իրավացի է: Իսկ, ահա երկրորդ և երրորդ նախագահների դեպքում կա մի նուրբ շերտ: Բանն այն է, որ արցախյան հարցում հայկական քաղաքականություն ասվածը պետք է դիտարկել իր ամբողջության, այլ ոչ թե միայն արտաքին ասպեկտով: Ահա, այդ իմաստով միայն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում է, որ հնարավոր է խոսել հայկական կողմի քաղաքականությանը համահունչ տարբերակների մասին, որ ներկայացրել են միջնորդները: Որովհետև, արտաքին դաշտում վարելով փոխզիջման տրամաբանության վրա հիմնված քաղաքականություն, Տեր-Պետրոսյանը նույնը առաջ է մղել նաև ներսում, այսինքն քաղաքականության ներքին մասում, փորձելով հանրությանը ներկայացնել հիմնավորումներ, թե ինչու է անհնարին և վտանգավոր առավելապաշտական մոտեցումը: Այստեղ մի կողմ թողնենք Առաջին նախագահի մոտեցման գնահատականը: Ոմանք համաձայն են, ոմանք՝ կտրականապես և արմատապես դեմ, ոմանք համաձայնել են ժամանակի ընթացքում, ոմանք՝ պատերազմից հետո, բայց ներկայումս դա՝ այսինքն մոտեցման հիմնավորվածությունն ու արդարացվածությունը չէ, որ քննարկում եմ: Տեր-Պետրոսյանը վարել է ամբողջական քաղաքականություն՝ արտաքին ու ներքին համադրվածությամբ: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը վարել են քաղաքականություն, որի երկու թևերը կամ երկու ոտքերը շարժվել են տարբեր ուղղությամբ: Եթե արտաքինում նրանք քայլել են դեպի փոխզիջում, ապա քաղաքականության ներքին մասում նրանք քայլել են հակառակ ուղղությամբ, իհարկե ոչ անձամբ, սակայն իշխանության և իշխանամերձ շրջանակների ակնառու և ուղիղ մասնակցությամբ տարածելով անզիջումայնության ալիքը: Այստեղ է, թերևս, որ սկսել են խորանալ հայկական քաղաքականության գլխավոր խնդիրները, որովհետև հնարավոր չէ մի ոտքով քայլել առաջ, մյուսով՝ հետ: Ահա այդ թվացյալ «մանրուքներում» են սատանաները, որոնցից օգտվել է Ադրբեջանը և զարգացրել ռազմական շանտաժի դիվանագիտությունը: Պետք էր երկու ոտքով քայլել մեկ ուղղությամբ, առաջ շարժվելու համար:   Լուսանկարը՝ Civilnetam-ի