Ինչ տեղի ունեցավ Հայաստանի հավաքականում․ Չհաղթելու գլխավոր պատճառը․․․

Ինչ տեղի ունեցավ Հայաստանի հավաքականում․ Չհաղթելու գլխավոր պատճառը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գործնականում կորցրեց հնարավորությունը պայքարելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Երեկ Բուխարեստում մերոնք պայքարեցին մինչև վերջ, բայց․․․։ Կրկին ինչ-որ բան չհերիքեց։ Մեծ հաշվով Հայաստանի հավաքականը չզիջեց մրցակցին։ Եթե առաջին կեսում ռումինացիները շրջափակման մեջ էին առել հայ ֆուտբոլիստներին, ապա երկրորդ կեսում պատկերն այլ էր։ Ունեցանք գոլ խփելու մի քանի իրական հնարավորություն, սակայն եզրափակիչ հարվածը կրկին չէր ստացվում։ «Այո առաջին կեսում լավ հանդես չեկանք ու փոխարինումները միտված էին նրան, որ խաղի ընթացքը փոխենք: Առաջին կեսում չէինք կարողանում վերահսկել գնդակը և դա խնդիր էր:Սակայն գնդակին չտիրելով և լավ չխաղալով՝ մրցակիցը մեր դարպասը գրավեց անկյունայինի խաղարկումից հետո: Պետք է աշխատենք դրա վրա,որպեսզի խուսափենք հետագայում նման գոլերից: Երկրորդ խաղակեսում կարող էինք հավասարեցնել հաշիվը, ու եթե դա տեղի ունենար, կարծում եմ՝ արդարացի կլիներ: Խաղացողներին պարզապես շնորհավորել է պետք այն ջանքերի համար, որ նրանք գործադրեցին երկրորդ կեսում: Մխիթարյանի խաղից գոհ եմ, ինչպես նաև խաղադաշտում ցուցադրած վարքից: Նա մեծ ջանքեր գործադրեց: Այնպես որ, ես գոհ եմ Հենոյից: Հայաստանի,Ռումինիայի և Մակեդոնիայի հավաքականները շատ հավասարազոր թիմեր են: Հայաստանում մարզական բախտը մեզ հետ էր,որն այսօր չկար: Փոքր դետալներն են վճռորոշ հաղթանակի հարցում»,- խաղից հետո կարելի է ասել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Սա թերևս այն դեպքերից է, երբ ձախողման մեջ որևէ մեկին, կամ առանձին ֆուտբոլիստներին մեղադրելը ճիշտ չի լինի։ Արդեն իսկ փաստ է, որ մերոնք երեք հավաքականների հետ հավասար պայքար մղեցին խմբում երկրորդ հորիզոնականի համար։ Մեր հավաքականը մեծ հաշվով գրանցել է որակական աճ և դա անհերքելի է։ Ինչ խոսք կան բացեր, որոնք լրացնելու դեպքում կունենանք ավելի ուժեղ թիմ։ Անդրադառնանք թերևս գլխավոր խնդրին, որը Խոակին Կապառոսին վերջին 5 հանդիպումներում չհաջողվեց լուծել։ Խոսքը նոմինալ՝ կենտրոնական հարձակվողի բացակայությունն է։ Մինչև այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած Հյուսիսային Մակեդոնիայի հետ մրցավեճը, պաշտոնական խաղերում մեր ազգային թիմը 5 անընդմեջ հաղթանակ էր տարել։ Այդ 5 հանդիպումներում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում եղել են նոմինալ կենտրոնական հարձակվողներ ի դեմս Ալեքսանդր Կարապետյանի և Նորբերտո Բրիասկո Բալեկյանի։ Վերջին 5 հանդիպումներում Հայաստանի հավաքականը խաղաց առանց նոմինալ կենտրոնականի։ Պարզագույն օրինակ կրկին սեպտեմբրին Գերմանիայի դեմ 4-2-3-1 սխեմայում կենտրոնականի հարձակվողի դիրքում էր Սարգիս Ադամյանը, որը ոչնչով աչքի չընկավ և փոխարինվել։ Նշենք, որ Ադամյանը եզրային հարձակվող է և հազվադեպ է խաղում կենտրոնում։ Ավելի ամրակազմ Կարապետյանը և Բալեկյանը իրենց համար հարազատ կենտրոնական հարձակվողի դիրքում հաղթական հանդիպումներում շարունակ լարվածության մեջ էին պահում մրցակցի պաշտպաններին։ Նրանց մոտ հաջող էր ստացվում նաև պայքարը երկրորդ հարկում և գնդակ պահելը։ Արդյունքում մեր եզրային և կենտրոնական կիսապաշտպանները տարածություն էին ստանում, ավելի արագ տեղաշարժվում։ Վերջին հանդիպումներում խաղային այս գործողությունները տեղի չունեցան, ինչի հետևանքով առջևի գծում մերոնք ուղղակի ձախողվեցին։ Բալեկյանը կորոնավիրուսի համավարակի պատճառով չի միացել հավաքականին, իսկ Ալեքսանդր Կարապետյանը լավագույն մարզավիճակում չէ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարկադրաբար գնաց տակտիկական փոփոխությունների որոնք խոշոր հաշվով արդյունավետ չէին։ Ընդունենք, որ առանց կենտրոնական հարձակվողի լուրջ հաջողությունների հասնելն ուղղակի իրատեսական չէ։ Ժամանակին ունեինք Յուրա Մովսիսյան և վստահաբար կարող ենք ասել, որ նման մակարդակի կենտրոնական հարձակվող մեզ անհրաժեշտ է օդի և ջրի պես։ Հարկավոր է լուրջ սելեկցիոն աշխատանք բացը լրացնելու համար։ Ասել, որ Բալեկյանը փայլել է Հայաստանի հավաքականում ճիշտ չի լինի, բայց նրա բացակայության պայմաններում տեղի ունեցավ այն, ինչից ամենաշատն էինք վախենում։ Լուսանկարը՝ ՀՖՖ-ի