Անվտանգության հզոր միջոցը կրթությունն է. Վահրամ Դումանյան

Անվտանգության հզոր միջոցը կրթությունն է. Վահրամ Դումանյան

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել 15 տարի շարունակ ավանդաբար կազմակերպվող ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Այս տարի միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։ Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է առաջինկուրսեցիներին՝ հատկապես առանձնացնելով զորակոչված ուսանողներին, ողջունել համալսարանականներին՝ ընդգծելով. «Այսօր հաճախ ենք խոսում անվտանգության կարևորությունից։ Ուզում եմ փաստել, որ անվտանգության հզոր միջոցը կրթությունն է, որը ձևավորում է ճիշտ մտածողություն՝ ճիշտ որոշումներով»։ Վահրամ Դումանյանը կոչ է արել ուսանողներին շարունակել կրթությամբ զարգացնել անվտանգությունը։ «Մաղթում եմ, որ ձեր մասնաբաժինն ունենաք համալսարանի պատմության մեջ»,- եզրափակել է նախարարը: Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը ևս շնորհավորել է առաջինկուրսեցիներին համալսարանական դառնալու կապակցությամբ: Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է համալսարանականների հաջողության նախապայմանները՝ քննական միտք, վերլուծական կարողություններ ու նախաձեռնողականություն, և հորդորել է ուսանողներին պահպանել այդ սկզբունքները, տեր լինել իրավունքներին և կատարել համալսարանականի պարտականությունները: Երեկոն ամբողջացել է առաջինկուրսեցիների երդման արարողությամբ և երաժշտական, պարային խմբերի համերգային կատարումներով։ Առաջինկուրսեցիները երդվել են սիրել մայր բուհը և արժանի լինել Երևանի պետական համալսարանի ուսանող բարձր կոչմանը, ծառայել և հնարավորինս նպաստել երկրի առաջընթացին: