Ո՞նց է ստացվում, որ ռուս համանախագահը գալիս մեզ հետ հանդիպում է, իսկ ֆրանսիացի համանախագահը՝ թաքուն է գալիս, չենք էլ իմանում․ Դավիթ Բաբայան

Ո՞նց է ստացվում, որ ռուս համանախագահը գալիս մեզ հետ հանդիպում է, իսկ ֆրանսիացի համանախագահը՝ թաքուն է գալիս, չենք էլ իմանում․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ -Պարոն Բաբայան, նախօրեին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին  կրկին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և շեշտել, որ կարգավիճակի հարցը հստակեցման կարիք  ունի։ Նա նաև նշել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ստեղծված իրավիճակի և պարբերաբար ծագող լարվածությունները կարող են հանգուցալուծվել միայն «համապարփակ կարգավորման» արդյունքում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։ -Իհարկե լավ է, որ արձանագրում են, որ կարգավիճակի հարցը լուծված չէ։ Շատ լավ է, որ սա Մինսկի խմբի եռանախագահության ընդհանուր տեսլականն է ու ինքնին ցույց է տալիս, որ բոլոր միջնորդներն ունեն միանման կարծիք։ Դա նշանակում է, որ Արցախն Ադրբեջան չէ, այնպես, ինչպես Բաքուն է դա փորձում ներկայացնել։Սա ինքնին շատ կարևոր արձանագրում է։ Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք ու շարունակենք մեր քաղաքականությունը, որպեսզի վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը։ -Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պայմաններում դուք դա հնարավոր համարո՞ւմ եք։ -Հնարավոր չենք համարում այն պարզ պատճառով, որ չենք տեսնում որևէ փոփոխություն Ադրբեջանում։ Այդ հայատյացությունը շարունակվում է ամեն օր՝ սկսած կենցաղից, վերջացրած քաղաքական ամենաբարձր ատյաններից հնչող հայտարարություններից։ Սա միակ խոչընդոտն է, որպեսզի վերականգնվի լիարժեք ձևաչափն ու հակամարտությունը համապարփակ կարգավորում ստանա։ Մենք տեսնում ենք կոշտ քաղաքականության շարունակականության ապահովում,  հայատյացության ալիքներ։ -Մենք տեսնում ենք, որ կարգավիճակի հստակեցման հարցում անընդհատ պնդում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան և ոչ Ռուսաստանը։ Գուցե եթե Ռուսաստանն էլ՝ որպես գլխավոր դերակատար նման պնդում աներ, ա՞յլ իրավիճակ ունենայինք։ -Ռուսաստանն էլ է պնդում։ Չի կարելի այստեղ Ռուսաստանին առանձնացնել։ Նա էլ է ասում, որ կարգավիճակի հարցը կա և պետք է աշխատել այս ուղղությամբ։ Ճիշտ չէ այստեղ առանձնացնենք ու ասենք, որ մի մասը պաշտպանում են մի դիրքորոշում, մյուս մասը՝ ոչ։ Օրինակ ռուս համանախագահի հետ մենք Երևանում հանդիպել ենք, իսկ ֆրանսիացի համանախագահն ընդհանրապես չի էլ ասել, որ գալիս է Երևան։ Ինչու՞ մեզ չի հանդիպում։ Եկել է Երևան, Արցախի որևէ ներկայացուցիչ չկար այնտեղ։ Մենք նույնիսկ չգիտեինք էլ, որ գալու է Երևան ու հանդիպումներ ունենա։ Իսկ ռուս համանախագահի հետ հանդիպել ենք, բոլորն էլ գիտեն, տեղեկությունը տարածվել է։ Ֆրանսիայի համանախագահը գալիս է ու չի ուզում հանդիպել մեզ հետ, հիմա ի՞նչ անենք, դա դարձնենք սկանդա՞լ, պատերազմե՞նք, կռի՞վ անենք։ Մենք մեր ֆրանսիացի բարեկամներին ասել ենք, որ սա ճիշտ չէ, համանախագահն ըստ իր մանդատի պարտավոր է  հանդիպել բոլոր կողմերի հետ։ Ո՞նց է ստացվում, որ ռուս համանախագահը գալիս բոլորի հետ հանդիպում է, իսկ ֆրանսիացի համանախագահը թաքուն է գալիս, մենք նույնիսկ չենք էլ իմանում։ Շատ վատ ենք ընդունել դա։