Թեհրանի քայլերը Երևանում ու Բաքվում. շանտաժը չպետք է անցնի

Թեհրանի քայլերը Երևանում ու Բաքվում. շանտաժը չպետք է անցնի

Հայաստանում Իրանի դեսպանը հանդիպել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական հարաբերությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, երբ ճանապարհի՝ այսպես ասած ադրբեջանական հատվածով անցնող տարածքում ադրբեջաննցիները ստուգում են իրանական բեռնատարները և սահմանել են նրանց համար մաքսատուրք: Այդ հանդիպումը հատկանշական է Բաքվում էլ Իրանի դեսպանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Հիքմեթ Հաջիևի հանդիպման ֆոնին, որն արդեն երկրորդն է վերջին երեք օրերին: Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հանդիպումները որոշակիորեն փոխկապակցված են, կամ այլ կերպ ասած՝ Իրանը փորձում է որևէ հանգուցալուծում ստանալ Երևանում և Բաքվում զուգահեռ աշխատանքի, հանդիպումների միջոցով: Նախօրեին խնդրին անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործնականում ակնարկելով, որ ստեղծվող խնդիրը Հայաստանից «միջանցքի» օրակարգի համաձայնություն կորզելու ադրբեջանական շանտաժի տրամաբանության մեջ է: Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը ակնարկում էր թերևս, թե ինչն է գինը Հայաստանի համար, ու եթե մի կողմում Իրանի հետ բեռնաշրջանառության անխափան ընթացքի անշուշտ կարևոր տնտեսական նշանակությունն է, ապա մյուս կողմում ազգային անվտանգության համար հիմնարար նշանակություն ունեցող քաղաքական հարց է: Այդ դեպքում հասկանալի է դառնում, որ անկարելի է մի խնդիրը լուծել այդ հարցի գնով: Առավել ևս, երբ բուն խնդիրը փաստորեն կապված է զուտ իրանական բեռնատարների հետ: Իհարկե խնդիրը առնչվում է հայ-իրանական կարևոր հարաբերությանը, բայց, վերստին արձանագրելով այն մեծ գինը, որ Բաքուն այդպիսի շանտաժով ակնկալում է կորզել Հայաստանից, ակնառու է դառնում՝ Հայաստանը չի կարող և թերևս չպետք է վճարի այդ գինը: Իրանը բազմիցս հայտարարել է մեր ռեգիոնում սահմանների անձեռնմխելիության հարցի՝ իր համար կարևորության մասին: Իրանը չափազանց զգոն է իր սահմաններում, տարածքային ամբողջության հարցում, հետևաբար պետք է թերևս որևէ խնդիր չունենա Հայաստանի համար զգայուն պահը ըմբռնելու հարցում: Այլ հարց է, թե Երևանը կարո՞ղ է արդյոք որևէ կերպ օժանդակել, որպեսզի Իրանը գտնի խնդրի այլ լուծում: Իսկ ավելի կոնկրետ, հարց է, թե արդյո՞ք Երևանն ու Թեհրանը կարող են ուժեր մոբիլիզացնել խնդիրը հնարավորինս արագ այլընտրանքային ճանապարհ ապահովելու միջոցով հիմնավորապես լուծելու համար, արդյո՞ք քննարկում են այդ հարցը: