Ջհանգիրյանը ճիշտ է ասում, «Հոկտեմբերի 27-»-ի գործում ամեն ինչ կա, ուղղակի ինքը այդ փաստերը շրջանցել է․ Բախշյան

Ջհանգիրյանը ճիշտ է ասում, «Հոկտեմբերի 27-»-ի գործում ամեն ինչ կա, ուղղակի ինքը այդ փաստերը շրջանցել է․ Բախշյան

Օրերս ԱԺ-ում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե ինքը երբեք չի ասել, որ հոկտեմբերի 27-ի պատվիրատուներն ու բոլոր հանցակիցները բացահայտված են: «2018թ․-ին ինչ ասել եմ՝ ուժի մեջ է: Ամեն ինչ այդ գործի մեջ է, ամեն ինչ բացահայտված է, պարզ է, հիմա էլ նախաքննությունը շարունակվում է։ Այն ժամանակ կարողացել ենք անել անհնարինը։ Այո, իմ գզրոցներում որևէ այլ բան չկա այդ քրեական գործի մասին:  Ես չեմ ասել, թե պատվիրատուներն ու բոլոր հանցակիցները բացահայտված են։ Ես ասել եմ՝ ինչ կա-չկա, այդ քրեական գործի մեջ է»,-ընդգծել է նա: Այս առնչությամբ, «Հոկտեմբերի 27»-ի սպանդի զոհերից Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Երբ Գագիկ Ջհանգիրյանը կարդա 2019-ի դեկտեմբերին իմ դիմումը, բողոքը գլխավոր դատախազին, որով ես պահանջում եմ վերաբացել Հոկտեմբերի  27-ի անջատված մասով գործը, ինքն այնտեղ այնքան փաստեր կտեսնի, որոնց վրա ուշադրություն իրենք չեն դարձրել, դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ շրջանցել են: Ինքը մի բան  ճիշտ է ասում, այդ գործի մեջ ամեն ինչ կա. և պատվիրատուն, և կատարողների մասին, և այն մասին, թե բացի այդ 7 հոգուց, որ դատապարտվեցին, էլ ովքեր են, կան, թե չկան: Իսկապես այդ քրեական գործի մեջ ամեն ինչ կա, ուղղակի ստացվում է, որ ինքը լինելով դատախազ, լինելով այդ գործի գլխին կանգնած մարդ, այդ փաստերը շրջանցել է: Ու հիմա ինքն ընդամենը դա է ասում, որ այդ բոլոր փաստերը գործի մեջ կան: Ուղղակի չի ասում, թե այդ ոնց եղավ, ինչու ինքը լինելով այդ գործի անմիջական ղեկավար, չի տեսել դրանք: Ոնց եղավ, որ չի տեսել»: Բախշյանը հավելեց, որ ինքը շարունակում է դիմել, անհանգստացնել ԱԱԾ-ի այդ խմբի ղեկավարին, ով պարտավոր է իր դիմումը հետաքննել. «Ոչ մի նոր բան չեն ասում: Անընդհատ ասում են՝ շուտով, շուտով, բայց այդ շուտովը երբ է  գալու, ես չգիտեմ: «Հոկտեմբերի 27»-ի գործը էլի ուզում են մի խորը դարակի մեջ դնել: Թե ում է  դա ձեռնտու, ես չգիտեմ: Ով է շահելու, հաստատ պետությունն էլի տուժելու է, արդարադատությունը տուժելու է»: Հարցին, թե ակնկալիք կա՞ որ այս իշխանության օրոք այդ գործը կբացահայվի, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ոչ մի հույս, ոչ մի լույս այդ ուղղությամբ չեմ տեսնում: Չեմ տեսնում շահագրգռվածություն պետական բարձր մարմնի կողմից: Չեմ տեսնում վարչապետի կողմից մի քայլ, որ ինքը հետաքրքրվի, մտահոգվի, թե ինչ է եղել, ովքեր են եղել կազմակերպիչներն ու պատվիրատուները: Դա ոչ միայն ինձ, այլ մեր հասարակությանը շատ մտահոգում է»: