ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան ուժեր են ուղարկել Արկտիկայում ՌԴ վարժանքները հսկելու համար

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան ուժեր են ուղարկել Արկտիկայում ՌԴ վարժանքները հսկելու համար

ՌԴ Հյուսիսային նավատորմը հաղորդել է Արկտիկայում ՌԴ խոշոր վարժանքների ժամանակ օտարերկրյա հետախուզությունների ակտիվության մեծացման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Վարժանքների նախապատրաստման և անցկացման ժամանակաշրջանում նշվել է օտարերկրյա պետությունների, Հյուսիսատլանտյան դաշինքի, ինչպես նաև նրա առանձին մասնակից պետությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, ծովային և օդային հետախուզության ուժերի բարձր ակտիվություն»,- հայտարարել են Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունում: «ԱՄՆ-ի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի բազային պարեկային և հետախուզական ավիացիայի ինքնաթիռներով մինչև 17 թռիչք է կատարվել Բարենցի ծովի և ՌԴ-ի հետ սահմանակից Ֆինլանդիայի շրջանների օդային տարածությունում»,- ասել են նավատորմի շտաբում: Այնտեղ նշել են, որ Բարենցի ծովում ծովային հետախուզության ուժեղացման համար, բացի նորվեգական «Մարիատա» հետախուզական նավից, լրացուցիչ ուղարկվել են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի «Էխո» հիդրոգրաֆիական նավը և «Լանքասթեր» ֆրեգատը: Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը սեպտեմբերի 9-ին հաղորդել էր Արկտիկայում խոշոր զորաշարժեր սկսելու մասին: Դրանցում գործի է դրվել շուրջ 50 նավ, 120 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև մոտավորապես 8 հազար զինծառայող: Հյուսիսային նավատորմի ուժերի գործնական գործողություններն անցկացվում են Բարենցի, Չուկոտկայի և Արևելա-Սիբիրյան ծովերի, Լապտևների ծովի ջրատարածքում, Նովոսիբիրսկի կղզիների շրջանում, հաղորդել է նավատորմի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը ձեռնամուխ է եղել արկտիկական գոտում զորաշարժերից զորքերի վերադարձին: