Վրաստանի կլինիկաներում մոբիլիզացված է 7․000 մահճակալ․վարակի ակտիվ դեպքերը 31․000-ից ավելի են

Վրաստանի կլինիկաներում մոբիլիզացված է 7․000 մահճակալ․վարակի ակտիվ դեպքերը 31․000-ից ավելի են

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ կլինիկական սեկտորում մոբիլիզացված է մինչև 7 հազար հիվանդատեղ, որից մինչ 6 հազարը զբաղված է: Նրա խոսքով՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվում է մինչև 1200 բուժառու, ինչը պահանջում է ուշադրություն: Հաղորդում է jnews.ge-ն։ «Իհարկե, մենք Առողջապահության նախարարությունում աշխատում ենք հիվանդատեղերի մոբիլիզացման ուղղությամբ: Այսօր առողջապահական համակարգում բուժվում է ավելի քան 31 հազար բուժառու, նրանցից շատերը բուժվում են տանը, նաև ակտիվորեն ներգրավված են մեր ընտանեկան բժիշկները: Նրանք հիվանդների հետ խորհրդակցում են տնային պայմաններում բուժման առումով: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, հիվանդները տեղափոխվում են այն կլինիկաներ, որոնք որոշում է ընտանեկան բժիշկը, և, համապատասխանաբար, նաև անցնում են ախտորոշում: Կորոնավիրուսային հյուրանոցներում հիվանդատեղերի ֆոնդը նույնպես մոբիլիզացված է և աստիճանաբար դրանք ավելանում են։ Ես կոչ եմ անում մեր բնակչությանը ակտիվորեն ներգրավվել պատվաստման գործընթացին և չմոռանալ, որ կարևոր է կրել դիմակ և սոցիալական հեռավորություն պահպանել»,-հայտարարել է Տիկարաձեն: