Մեզ քաղբանտարկյալ էին ճանաչել Պետդեպն ու միջազգային կառույցները, իսկ իրենց՝ վարձու փաստաբանները․ Վարդան Մալխասյան

Մեզ քաղբանտարկյալ էին ճանաչել Պետդեպն ու միջազգային կառույցները, իսկ իրենց՝ վարձու փաստաբանները․ Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը։ -Պարոն Մալխասյան, այս օրերին Երևանում բողոքի ակցիաներ, ստորագրահավաքներ են անցկացվում Սյունիքի ձերբակալված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով։ Նրանց համակիրներն այդ մարդկանց քաղբանտարկյալ են համարում, որպես նախկին քաղբանտարկյալ կիսու՞մ եք այդ մոտեցումը։ -Մեզ  միջազգային իրավապաշտպանական կառույցներն են  ճանաչել քաղբանտարկյալ։ Քաղաքական բանտարկյալի կարգավիճակը հստակեցված չէ։ Քաղբանտարկյալին կարող է մի շատ քստմնելի հոդվածով կալանավորեն։ Հնարավոր է մի աղջկան վարժեցնեն, գա հայտարարություն տա, մարդու վրա դնեն  ինչ-որ հոդված ու կալանավորեն։ Այսինքն՝ մարդու գլխին քաղաքական շարժառիթներով սարքեն։ Հիմա կարևորն այդ հոդվածը չէ, այլ այդ մարդն ի՞նչ շարժառիթներով է կալանավորված։ Ես հիշում եմ, որ մեր ժամանակ մոտ 120 մարդ բանտարկվել էր։ Մարդ կար բանտարկվել էր ոչ մի բանի համար։ Ինձ բանտարկել էին այն նույն հոդվածով, որը Քոչարյանի վրա էր դրված։ Բայց հետագայում Եվրոդատարանը մեզ արդարացրեց։ Մեզ մեղադրում էին իշխանությանը բռնությամբ տապալելու փորձերի մեջ, այնինչ մենք մեր ելույթներում մեջբերում էինք բանաստեղծների խոսքերը։ Իսկ սրանց  մեջ ոչ մի քաղբանտարկյալ չկա։ Ընդհակառակը՝ նրանք քրեական ծանր հանցանքներ են գործել։ Քոչարյանը հիմա պետք է բանտում լիներ, եկել դարձել է քաղաքական գործիչ։ Այն մարդիկ, որոնք բանտերում պետք է շատ ծանր մեղադրանքներով պատիժներ կրեին, եկել դարձել են պատգամավոր ու մեզանից հաշիվ են պահանջում։ Դրանցից ո՞ր մեկն է  քաղբանտարկյալ։ Ընդհակառակը ես այս իշխանություններին մեղադրում եմ, որ չի կարողանում խորքային ձևով ամեն ինչ ջրի երես հանել ու բացահայտել, գնում է թեթև քայլերի։ Ես ասել եմ, որ Սյունիքի համայնքապետերին ձերբակալելը թող փչոցի է։ Նրանց կարող էին ավելի ծանր հանցագործություններով ձերբակալել, կողոպտել են ամբողջ Հայաստանի հանքային ունեցվածքը։ Սերժն ամբողջ երկիրը ծայրից ծայր կողոպտեց ու մսխեց խաղատներում, բռնել ուզում են մեղադրեն  դիզվառելիքի գողության գործով։ Սա զավեշտ է։ Ես այսօրվա ձերբակալվածների մեջ քաղբանտարկյալներ չեմ տեսնում։ Ընդհակառակը՝ շատ ծանր մեղադրանքներ պետք է գործի դնեին, չեն դրել։ -Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում երկրի ներքաղաքական վիճակը։ Ընդդիմադիր ուժերը նույնիսկ խորհրդարան գնալուց հետո չեն բացառում փողոցային պայքարը։ Ի՞նչ ռեսուրսներ ունեն ըստ Ձեզ։ -Փողոցային պայքարը հաջողություն է ունենում այն դեպքում, երբ ժողովրդի հաջողությունն ես ունենում։ Ինչքան էլ ուզում է փող ունենաս, այդ փողերն աջուձախ ծախսես, կողքդ շինծու մարդիկ հավաքես, դրանք փողոցային պայքարում հաջողություն չեն բերում, եթե էներգետիկա, լայն զանգվածների գիտակից մասնակցություն չկա։ Ժողվորդի մեծ մասը՝ 90 տոկոսից ավել, նրանց ծայրահեղ ատում է՝ հատկապես Դաշնակցությանը։ Դաշնակցությունը մի տոկոս վարկանիշ ուներ, զավեշտ տեղի ունեցավ՝ 12 մանդատ ձեռք բերեց։ Այդ թիվն էլ հեգնանքի թիվ է։ 112 տարի առաջ, երբ Թալեաթը, երիտթուրքերը եկան իշխանության, Թալեաթը 12 մանդատ տվեց, Դաշնակցությունն էր վերցրեց։ Անդրանիկը հայհոյում էր այդ մանդատները վերցնելու համար, բայց նրանք գնացին ու վերցրեցին։ 112 տարի առաջ վերցրեցին 12 մանդատ, հիմա այս անգամ էլ ոչ թե Թալեաթի, այլ Քոչարյանի ձեռքից։ Տեսնենք՝ վերջը ոնց կլինի, որովհետև այն ժամանակ, երբ վերցրեցին, Անդրանիկ ասաց՝ ձեր գլուխը քարերով ջարդելու եմ։ Այդպես էլ եղավ՝ Զոհրաբի գլուխը քարերով ջարդեցին։Հիմա տեսնենք՝ ժողովուրդը նրանց գլուխը մի քանի տարի հետո ինչով կջարդի։ Նրանք չեն կարող փողոցային պայքարի մեջ հաջողություն ունենան, որովհետև ժողովուրդը նրանց խորապես ճանաչել է որպես կողոպտիչներ, անազնիվ, կաշառակեր, թալանչի մարդիկ, ծայրահեղականներ, որոնք ինչ գորոծղություն , որ անում են՝ ի վնաս պետության է։ Ես կասկածում եմ, որ ժողովուրդը նրանց հետևից կգնա փողոց։ Բացառվում է, որ սրանք փողոցային պայքարի մեջ հաջողություն ունենան։ -Հիմիկվա և 2008 թվականի միջև նմանություններ կա՞ն։ Ասում են՝ այն ժամանակ էլ էր իշխանությունը ճնշում ընդդիմությանը, հիմա էլ։ -Բացարձակ նմանություն չկա։ Նրանց քաղբանտարկյալ են համարում վարձու փաստաբանները, որոնց եթե փող տաս՝ ում ասես կպաշտպանեն։ Փողը տուր՝ կգնան Էրդողանին էլ կպաշտպանեն։ Նրանք սկզբունք ու հայրենիք չունեն, իրենց հայրենիքը փողն է։Մեզ քաղբանտարկյալ էր ճանաչել Պետդեպը, միջազգային կառույցները, իսկ իրենց՝ վարձու փաստաբանները։