Տպավորություն է՝ Հայաստանը Ֆրանսիայի մեկնած ձեռքը չգիտի ինչպես օգտագործել․ Երևանի կողմից պետք է քայլ արվի

Տպավորություն է՝ Հայաստանը Ֆրանսիայի մեկնած ձեռքը չգիտի ինչպես օգտագործել․ Երևանի կողմից պետք է քայլ արվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը -Տիկին Չոբոյան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, անդառնալով սահմանային լարվածությանը, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը չպետք է տեղի ունենա ուժի ազդեցության ներքո։ Հայաստանը, որ չունի ՀԱՊԿ-ից որևէ արձագանք և աջակցություն, ինչպիսի՞ աջակցություն կարող է ստանալ Ֆրանսիայից։ -Կարծում եմ՝ ակնկալիքները Ֆրանսիայից այս հրաձգությունից հետո չեն փոխվել, ակնկալիքները նույնն են մնացել։ Անմիջական ակնկալիքը միայն դիվանագիտական է։ Ֆրանսիան, ինչպես Միացյալ Նահանգները, մտադիր են վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և ոչ միայն Արցախի խնդրով, այլ ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան հակամարտության հարցերը լուծել դիվանագիտական և քաղաքական խողովակներով։ Առայժմ Ֆրանսիայից Հայաստանը կարող է միայն դիվանագիտական օգնություն ստանալ։ Համագործակցության մյուս ոլորտների շուրջ կխոսեն Մակրոնի այցի ժամանակ։ Իսկ մինչ այդ, եթե Հայաստանը որոշի ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմել կամ ԵԱՀԿ-ին, կամ ԵՄ-ին, որպեսզի Ադրբեջանի՝ սահմանի վրա հարձակողական արարքները կանխվեն, կարծում եմ, Ֆրանսիան անմիջապես պետք է օգնի Հայաստանին։ Հիմա թե ինչու մինչև հիմա չեն դիմել մասնավորապես ՄԱԿ անվտանգության խորհրդին, ինձ համար անհասկանալի է։ Եվ իսկապես այն իրողությունը, որ Մոսկվայում են տեղի ունենում հանդիպումները և բացառապես միայն Մոսկվայում, այսօր շահագրգիռ այլ կողմեր կան, և նույնիսկ եթե այդ շահագրգռվածությունը  կարողանա ինչ-որ տեղ կյանքի կոչվել, որովհետև Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նպատաը Մինսկի խմբի վերականգնում է, մինչ այդ, կարծում եմ, որ տրամաբանությունը պետք է լինի այն, որ ոչ թե Ռուսաստանը շրջանցել, բայց նաև դիվանագիտական մյուս հարթակները գործի դնել։ Այնպես որ Ֆրանսիայի դեսպանը սա է ցանկացել ասել, ոչ ավելի։ Եվ այսօր ակնկալել, որ Ֆրանսիան զորք և զենք պետք է ուղարկի, ճիշտ չէ, ակնկալիքը միշտ դիվանագիտական է, բայց Հայաստանի կողմից պետք է արվի քայլ. և այդ քայլը  չեմ հասկանում ինչու չի եղել մինչև հիմա։ Հայաստանի անվտանգությունն այսօր կախվածության մեջ է բացառապես Ռուսաստանից, ինչը սխալ քաղաքականություն չէ, բայց միայն Ռուսաստանից կախված մնալը սխալ քաղաքականություն է։ -Դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը՝ նշելով, որ Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում։ -Այո՛, և այստեղ ալյանսների փոփոխություն չի կարող տեղի ունենալ, այստեղ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ռազմավարական ոլորտներում բազմականացնելու խնդիր կա, և կան հնարավորություններ։ Բացի այդ, կարծում եմ՝ Հայաստանը պետք է իմանա՝ ուր է գնում, այստեղ անորոշություն կա, որը դեռ անհասկանալի է ինձ համար։ -Կարծում եք՝ Հայաստանը չգիտի՞՝ ուր է գնում, Ֆրանսիայի մեկնած ձեռքը չգիտի ինչպե՞ս օգտագործել։ -Այո՛, ես ունեմ այդպիսի տպավորություն։ Գուցե այլ գործընթացներ գոյություն ունեն Ֆրանսիայի հետ, որ ես չգիտեմ, այդ մասով չեմ կարող խոսել, և ոչ թե միայն Ֆրանսիայի հնարավորությունները, այլ այսօրվա դրվածքը, որ նպաստավոր է Հայաստանի արտաքին քաղաքականության բազմականացման, այսօրվա դրվածքից օգտվելու անկարողության մեջ է Հայաստանը, եթե իհարկե արտաքնապես տեսնված գործընթացները իրականություն են։