Հայաստանը հանձնառու է եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարմանը. Փաշինյան

Հայաստանը հանձնառու է եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարմանը. Փաշինյան

Հայաստանը հանձնառու է բոլոր այն միջազգային պարտավորություններին, որ ստանձնել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը մինչև այսօր մեր գերիներին ամբողջությամբ չի վերադարձրել: Այս մասին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին հայտարարեց կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշելով, որ այդ հայտարարությունը ստորագրելու համար իրեն հրապարակներում անվանում էին դավաճան՝ նա նշեց. «Ոչ ոք չի ասում, որ գալու եմ և այդ հայտարարությունը չեղյալ անեմ: Դուք կրկնակի դավաճան եք, եթե ասում եք՝ դա դավաճանություն է և գալիս եք դրան տեր կանգնելու»: Փաշինյանը կոչ արեց չտրվել որևէ տեսակի, այդ թվում և ադրբեջանական մանիպուլյացիաներին: «Ոչ Մեղրի, ոչ Զանգեզուր, ոչ միջանցք բառ չկա հայտարարության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ փաստաթղթի մեկնաբանությունը տրվել է հունվարի 11-ին՝ Մոսկվայի եռակողմ հայտարարության մեջ: «Մենք ընդհանուր առմամբ կողմ ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացմանը, որովհետև ինչքան դա Ադրբեջանին է պետք, այդքան էլ մեզ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իրենք ապահովելու են երկրի անվտանգությունն ու ապահովությունը: