Միջազգային մամուլը անդրադարձել է Էրդողան-Բայդեն հանդիպմանը

Միջազգային մամուլը անդրադարձել է Էրդողան-Բայդեն հանդիպմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ին Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է երկու նախագահների հանդիպմանը։ Այսպես, «Reuters»-ը նկատել է, որ Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո առաջին անգամ կայացած այս հանդիպումը թեև «դրական» մթնոլորտում է անցել, սակայն Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա խոշոր տարաձայնությունների հանգուցալուծման համար որևէ առաջընթաց չի ապահովել։ «The Wall Street Journal»-ն էլ նախագահների հանդիպումը բնութագրել է որպես «ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների՝ Լիբիայից մինչև Սիրիա և Աֆղանստան անվտանգության շահերից բխող ընդհանուր հիմքերի որոնում և խաթարված հարաբերությունները վերականգնելու փորձ»։ «Al Jazeera»-ն մեջբերել է Էրդողանի այն խոսքերը, որ հանդիպումն անցել է արդյունավետ և անկեղծ մթնոլորտում, և որ «երկկողմ հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան»։ Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Էրդողանն ու Բայդենը միմյանց ճանաչում են արդեն երկար տարիներ, սակայն նրանց հարաբերություններում հաճախակի են խնդիրներ ծագում։ «Euronews»-ն էլ ընդգծել է հատկապես Էրդողանի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան։ Աղբյուրը, սակայն, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրք-ամերիկյան լարվածության հիմնական պատճառներից մեկի՝ S-400 ՀՕՊ համակարգերի հետ կապված տարաձայնությունների լուծման առումով այս հանդիպումը առանձնապես հույսեր չի ներշնչում։