ԱՄՆ ռազմակայան Ղազախստանո՞ւմ. Հայաստանը պետք է պատրաստ լինի էական սցենարների

ԱՄՆ ռազմակայան Ղազախստանո՞ւմ. Հայաստանը պետք է պատրաստ լինի էական սցենարների

Աֆղանստանում հաշտեցման հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը  ճեպազրույցի ժամանակ  անդրադարձել է Ղազախստանում ամերիկյան ռազմակայանի մասին խոսակցություններին: Նա ըստ էության ոչ հերքել և ոչ հաստատել է, որ կա այդպիսի մտադրություն կամ քննարկում: Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ «ԱՄՆ-ը տարածաշրջանի մյուս երկրների հետ քննարկում է այն ռազմավարությունը, թե ինչպես միասին աշխատել, որպեսզի ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո նպաստեն Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ու ահաբեկչության դեմ պայքարին»: Նա ասել է, որ ամերիկյան զորքերը հեռանում են, բայց Միացյալ Նահանգները՝ ոչ: Ինչ է դա նշանակում, արդյո՞ք Նուրսուլթանն ու Վաշինգտոնը քննարկում են ռազմակայանի կամ համանման որևէ ենթակառուցվածքի հեռանկար: Այդ իմաստով թերևս արժե հիշել դեռևս Ղազախստանի նախագահի պաշտոնում ներկայիս պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևի  այցը ԱՄՆ, 2018 թվականին, երբ նա հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նազարբաևն այդ հանդիպմանը բաց տեքստով հորդորում էր Թրամփին չհեռանալ ռեգիոնից և մենակ չթողնել իրենց: Թե ում դեմ մենակ չթողնելու մասին էր խոսում Նազարբաևը՝ Ռուսաստանի, թե Չինաստանի, թե ահաբեկիչների, թե բոլորը միասին, դժվար է ասել: Բայց համենայնդեպս այդ շրջանում հենց շրջանառության մեջ դրվեց 5+1 գաղափարը՝ կենտրոնասիական հինգ երկրներ և ԱՄՆ: Ինչպես է դրան վերաբերում Ջո Բայդենի վարչակազմը, որը գործում է՝ «Ամերիկան վերադառնում» է հռչակագրի կամ նշանաբանի ներքո: Եթե Ղազախստանում հայտնվի ամերիկյան ռազմական ենթակառուցվածք, ապա այստեղ նախ առաջանում է հարց, թե դրան ինչպես է վերաբերելու ՀԱՊԿ-ը, որը ունի հայտնի սահմանափակում՝ երրորդ երկրների հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցություն կարող է լինել միայն մյուս երկրների կոնսենսուսով: Ղազախստանի պարագան կարող է լավ փաստարկ լինել Հայաստանի համար, եթե իհարկե Հայաստանը ունի երրորդ երկրների հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցության ուղղությամբ արդյունավետ աշխատանքի հեռանկար: Հայտնի է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ ՄԱԿ մանդատի ներքո ռազմական օժանդակություն Հայաստանի սահմանային սպառնալիքները կանխելուն կամ արգելակելուն: Բայց պատրա՞ստ է Փարիզը Երևանի հետ այդօրինակ քննարկում ծավալել առանց ՄԱԿ մանդատի, այսպես ասած զուտ երկկողմ տրամաբանության մեջ, որպես բարեկամ երկրներ, ընդհուպ դաշնակցային հեռանկարով: Եվ պատրա՞ստ է Երևանն այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ քննարկումների: Միևնույն ժամանակ, սակայն, ղազախ-ամերիկյան քննարկումների հանգամանքը Հայաստանի դիտանկյունից ուշադրության արժանի է ոչ միայն այդ իմաստով, այլ ընդհանրապես եվրասիական ռեգիոնալ անվտանգային տրանսֆորմացիաների, որի համատեքստում կարող է ի վերջո տեղավորվել նաև հայ-ֆրանսիական հեռանկարը, հաշվի առնելով կովկասյան ռեգիոնում հայկական հարցերի վերաբերյալ Փարիզի հստակ դիրքորոշումները: Եվրասիական անվտանգային մեծ համակարգը անխուսափելի վերափոխման առաջ է, ինչը Հայաստանին ևս դնելու է երկարաժամկետ հեռանկարի առնչությամբ լուրջ որոշումների առաջ: