Ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի ապագան կախված է նրանից, թե ինչպիսի պրոֆեսիոնալ ու ազգային իշխանություն կլինի․ Դավիթ Բաբայան

Ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի ապագան կախված է նրանից, թե ինչպիսի պրոֆեսիոնալ ու ազգային իշխանություն կլինի․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ -Պարոն Բաբայան, հետևո՞ւմ եք Հայաստանում նախընտրական քարոզարշավին։ Շատերը խոսում են արցախյան խնդրի հետագա կարգավորումից, նաև՝  Հադրութը վերադարձնելու հնարավորության մասին խոսեց ՀՀ երկրորդ նախագահը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։ -Ընդհանրապես մենք շահագրգռված ենք, որ արցախյան հիմնախնդիրը և Արցախն ինքը լինի հայոց պետականության քաղաքական կյանքի հիմնասյուներից մեկը։ Սա շատ կարևոր է։ Սրանով մենք կօգնենք և՛ Արցախին իր աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը պահպանելու գործում։ Նաև սփյուռքում Արցախը պետք է մնա կարևորագույն արժեհամակարգային բաղադրիչ։ Դա նաև պետք է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև եթե երկիրը չունի արժեհամակարգ կամ կորցնում է այդ արժեհամակարգը՝ կորցնում է իր ապագան։ Մենք արժեհամակարգի ժողովուրդ ենք և դա միանշանակ է։ Հետևաբար մենք շահագրգռված ենք, որ Արցախը լինի այդ արժեհամակարգի մի մաս։ Մենք նաև շատ վտանգավոր ենք մյուս կողմից համարում, եթե Արցախը  շահարկվում է , հակաղարաբաղյան զգացմունքներ են տարածում, քննարկումները ծավալում՝ ղարաբաղցի-հայաստանցի կոնտեքստում։ Սա անթույլատրելի է ու  սարսափելի երևույթ։ Թուրքիան ու Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հենց դա են սերմանում ու ամեն ինչ անում, որ դա տեղի ունենա։Արցախը պետք է լինի արժեհամակարգ, առաջնային, բայց ոչ շահարկումների առարկա։ Իմ տեսակետը՝ որպես մարդու, որպես քաղաքական ուժի առաջնորդի ու գիտնականի հենց այդպիսին է։ -Դուք հնարավոր համարո՞ւմ եք ԼՂԻՄ տարածքով Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը։ -Երբ մենք  խոսում ենք Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, ես համարում եմ, որ ԼՂԻՄ-ով չափելը ճիշտ է։ Խոսելով ԼՂԻՄ-ի մասին մենք կասկածի ու հարցականի տակ ենք դնում ԼՂՀ-ի լեգիտիմությունը։ ԼՂԻՄ-ը էվոլուցիոն կերպով միավորվելով Շահումյանի ու Գետաշենի շրջանի հետ, կազմել է ԼՂՀ-ն կամ Արցախի Հանրապետությունը։Արցախի տարածքը  միայն ԼՂԻՄ-ը չէ և առհասարակ մեր ամենամեծ սխալներից ու բացթողումներից մեկը եղել է այն, որ մենք չենք նախանշել, թե ինչ է Արցախի Հանրապետությունը այն տեսակետից, թե ինչ քաղաքական  ժառանգությունների հավակնորդ ու հետնորդ է համարվում ԱՀ-ն։ Սա մեր ամենամեծ բացերից է եղել։Արցախի Հանրապետությունը համարվում է հին հայկական բոլոր այն նահանգների ու գավառների  ժառանգորդը, ինչպիսին է, օրինակ, Մեծ հայքի Արցախ նահանգը․․․ այդ թվում նաև ԼՂԻՄ-ի։ Նման դեպքում մեր տարածքային ամբողջականության հարցը չէր սահմանափակվի միայն ԼՂԻՄ-ով և Արդբեջանի տասնամյակների գործունեությունը նաև այն էր, որ Լեռնային Ղարաբաղը նույնացնի ԼՂԻՄ-ի հետ, դրա համար փոխեցին նաև անվանումը։ Ի սկզբանե ԼՂԻՄ չէր կոչվում, կոչվում էր ինքնավար մարզ Լեռնային Ղարաբաղի։ Դրանով ցույց էր տալիս, որ Լեռնային Ղարաբաղն ավելի մեծ է, կա ինքնավար մարզ և Լեռնային Ղարաբաղ, որն ինքնավար մարզում չէ։ Փոքր քերականական փոփոխությունը աշխարհաքաղաքական ու պատմական դարձավ։ Ասել են՝ լավ չի հնչում ու դրանով Լեռնային Ղարաբաղը փորձեցին նույնականացնել մարզի հետ, որն ավելի փոքր  է, հանդիսանում է պատմական Ղարաբաղի մեկ հինգերորդ մասը։ -Ի՞նչ եք կարծում Արցախի հետագա ճակատագիրը կախվա՞ծ է Հայաստանի ընտրությունների արդյունքից։ -Ինչքան ուժեղ լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան ավելի ուժեղ է լինելու Արցախի Հանրապետությունը և հակառակը։ Իհարկե դրանից շատ բան է կախված և ոչ միայն Արցախի ապագան, այլ հենց Հայաստանի Հանրապետության ապագան կախված է նրանից, թե ինչպիսի իշխանություն է լինելու, ինչքան պրոֆեսիոնալ ու ինչքան ազգային է լինելու։