Ընտրարշավի 20-րդ հիվանդասենյակը․ Արբակ Խաչատրյան

Ընտրարշավի 20-րդ հիվանդասենյակը․ Արբակ Խաչատրյան

Թեման, որի մասին ցանկանում եմ խոսել վերաբերում է ոչ այնքան քաղաքականությանը, որքան  բժշկական էթիկային: Ավելի ստույգ՝ բժշկական էթիկային առնչվող դիսկուրսներից մեկին, այն է՝ որքանո՞վ է մարդկային՝  մահամերձին տեղեկացնել, թե նրան քանի օրվա կյանք է մնացել ապրելու: Առավել պրագմատիկներն այն համոզմանն են, որ ցավագին ու դաժան լինելով հանդերձ (նկատի է առնվում հիվանդին հայտնվող գույժը), այն հնարավորություն է ընձեռում ավարտին  հասցնել կիսատ մնացած գործերը, կտակ գրել ու հարազատներին համապատասխան հրահանգներ տալ՝ օգտվելով  իրեն վերապահված խիստ սուղ ժամկետից: Սրտի ցավով եմ նկատում, բայց այն իրավիճակը ակամայից  ինչի ականատեսն ենք դառնում բոլորս, հենց այդ տպավորությունն է թողնում: Նախընտրական Հայաստանը կոնկրետ ինձ, կարծում եմ նաև քաղաքական այս կամ այն պահունակում չհայտնված ազնիվ ու սթափությունը չկորցրած մարդկանց՝ հոգեբուժարան է հիշեցնում: Առկա իրավիճակում հանրության կողմից դրսևորվող վարքի ոչ ադեկվատությունն է նման տխուր եզրահանգման պատճառը: Հինգ հազարից ավել զոհ, հաշմասայլակներին գամված, վերջույթներից զրկված հազարավոր երիտասարդներ, կորսված տարածքներ, հարյուրավոր գերիներ, արտագաղթ ու բարոյալքում, գերպրկված նյարդերի լիցքաթափմանը միտված բաքոսյան տոնախմբություն Սարյան փողոցում՝ Գինու փառատոն… Ու այս ամենի ֆոնին քաղաքը ողողած, Հայաստանի «քաղաքական սերուցքը» ներկայացնող երևելիների արշինանոց  ցուցապաստառներ ու  ընտրակավատների կողմից  տարբեր ճամբարներից  դրամական կլորիկ խոստումների տեսքով էլեկտորատի «գերեվարման» փորձեր: Այդ ցուցապաստառներից «ճառագող» կարգախոսները  խոստանում են հաշված տարիների ընթացքում Կլոնդայքի վերածել անապագա կարծվող երկիրը: «Կա՛ ապագա, ապագա կա՛», «Կա՛ այլընտրանք, այլընտրանք կա՛…», հուշում են այս ու այն կողմից դեպի քեզ ուղղված «մարգարեական ցուցամատերը»:  Ուժեղ, զորեղ, ինքնիշխան… Հայաստանին վերագրվող «լուսապայծառ» էպիտետների այս շարքն իր շարունակությունն է գտնում ընտրավարժանքի դուրս ելած մնացած կուսակցությունների ու դաշինքների ազգափրկիչ բուկլետներում: Ուղղակի սահմռկեցուցիչ է: Գերեզմաններից տուն չվերադարձող որդեկորույս մայրերի, գերության մեջ գտնվող իրենց  զավակներին փնտրող, պետական ու ոչ պետական կառույցների դռները մաշած ծնողների ցավն ու մրմուռն անգամ անզոր են կասեցնելու  հոգևարքի նմանվող, ինչ գնով էլ լինի իշխանական կերակրատաշտի փայատեր դառնալուն միտված մրցապայքարը: Առավել զավեշտալին հանրության խելամիտ ու իրազեկ հատվածի կողմից քաղաքական դիակ ընկալվածների մասնակցությունն  է ընտրապայքարին: Առավել քան համոզված եմ, «քաղաքական արալեզության» թեման դեռ երկար է լուսաբանվելու հոգեբանների ու ապագա պատմագիրների կողմից:  Քաղաքական ասպարեզից «անգլիական ցտեսության» պես հեռանալու փոխարեն նրանք վերադառնում են՝ ազգափրկիչի ու ազատարարի տեսքով: Սա այլ կերպ քան ցինիզմ չես անվանի,քանի որ ցինիկն այն մարդն է, ով գիտի ապրանքի գինը, բայց ոչ երբեք արժեքը: Ամեն ինչ շուռ է եկել գլխիվայր: Գողն ու թալանչին աչքաբաց ու կարող, ազնիվն անունակ ու «բեբաշար» է ընկալվում, մտածող մարդիկ՝ «խելքներին զոռ տվող» , անգետները՝ ժամանակի շունչը զգացողներ են ներկայացվում: Պետական լծակներ ունեցող մեկը, ով չի ծառայեցնում նույն այդ լծակները սեփական դիրքի «պարարտացմանը»,  գործից չհասկացող խելապակաս է համարվում:  Մասմեդիայի գործուն աջակցությամբ՝ արժեհամակարգի դեգրադացիայի  շլյագերը շարունակվում է, խելագարությունը դառնում վարակիչ:                  «էլ երբ, եթե ոչ հիմա, էլ ով, եթե ոչ ես»… Սա ամենևին էլ դասագրքային  թևավոր խոսք չէ, այլ համոզում ու երազանք…Կերակրատաշտից առավելագույնը «քերելու» անզուսպ փափագ… Լավ, այդ դեպքում որտե՞ղ պիտի փնտրել «չարի ծաղիկները», այդ ի՞նչ պատահեց, որ հեռավոր 90-ականներին, ղարաբաղյան  շարժմանն ուղեկցող հանրահավաքների ժամանակ ինչ-որ մեկի կողմից կորսված դրամապանակը «կուսական» վիճակով վերադարձնող, միմյանց հետ անասելի սրտացավ ու հարազատավարի վարվող ժողովուրդը բաժանվեց «սև ու սպիտակի»: Այդ ինչպես, ինչի պատճառով հայն օտարվեց հայից, մերձավորների ցավն անգամ դարձավ ուրիշինը: Չէ որ ազգովի, ատամները սեղմած, ցուրտն ու սովն անտեսած ժողովուրդը  նպատակ ուներ, որի համար պատրաստ էր անգամ չլսված ինքնազոհողության: Խաղասեղանին Արցախն էր, հայերի դարավոր երազանքի իրականացման մանրակերտը, հայոց արժանապատիվ ապագայի առհավատչյան ու խոստում-երաշխիքը: Քարն այն, որ մերժել էին շինարարները, պիտի որ դառնար անկյունաքարը կառույցի Ավաղ…Ավաղ այն այդպես էլ չդարձավ վերականգնվող կառույցի անկյունաքարը: Ղարաբաղյան շարժմամբ սկզբնավորված ու պատմական Շուշիի ու հայկական այլ բնակավայրերի վերադարձով ամրագրված հաղթանակը հետագա երեսնամյակի ընթացքում մսխվեց ու արժեզրկվեց՝ ժողովրդից առանձնացած, սեփական «զանգակատան» կարևորությունն ընդգծող, սեփական «զավակների» միջև խտրականություն դնող ու նրանցից թաքուն ուտող կլանի կողմից: Հաղթանակին տեր կանգնելու, ընդլայնված հայենիքը շենացնելու ու նրա պաշտպանական կարողությունները հզորացնելու փոխարեն նույն այդ մարդիկ՝ իրենց անվտանգությունն ապահովելով  սեփական չափսերին հարմարեցված Սահմանադրությամբ ու օրենքներով, դատաիրավական հաճկատար համակարգով, ձեռնամուխ եղան Հայաստանը կլլելու  գործին: Հոշոտվեց  ամեն ինչ՝ ինչ հնարավոր էր: Ղարաբաղյան շարժման «առաջամարտիկները»  դարձան Երևանի կենտրոնի շինությունների, հիմնար-ձեռնարկությունների, բանկերի ու անթվարկելի այլ միջոցների տեր ու տնօրեն: Պատմական Արցախի բարենորոգման փոխարեն նրանք իրենց ապարանքները կառուցեցին, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել, իրենց «Թալանթաուններում»:  Հար և նման «Չաղ-չաղ թագավոր» հեքիաթի մակիզ Կարաբասին, հենց  նրանց է պատկանում օդում, ջրում և ցամաքում գտնվող ամեն ինչ: Հավատացեք, խնդիրն ամենևին էլ  թալանվածի քանակը  չէ, խնդիրն այստեղ արժեհամակարգի վեկտորը փոխած անհագուրդ ախորժակն ու անմարդկային թալանի ու ավարառության մասնակիցը դառնալու փափագն է:  Ու այսօր, բումերանգը վերադառնում է: «Ավազի» հենքի վրա կառուցված պետությունը՝ չնայած «ավազահանքերի գեներալների» ուղղորդված ու  նպատակային ակտիվությանը, հայտնվել է կորստյան շեմին Թեպետ աղոտ, բայց ըստ իս, փրկության հույս, այնուամենայնիվ դեռ կա: Դա աշխարհասփյուռ հայերի ներուժի մեկտեղումն է, ականազերծման նպատակով արտահերթ խորհրդարանական ընտրություններից հրաժարումն ու  Արդարության խորհրդի հիմնումը՝ համահայկական հանրաքվեի միջոցով, հակառակ դեպքում «փրկիչների» երկրորդ գալուստը  կործանարար է լինելու երկրի համար, ինչի մասին  խոսել ու տարիներ առաջ հանդես եմ եկել նաև ռուսական լրատվամիջոցներում*[1][1] https://argumenti.ru/politics/2012/06/182549