Ինչ են ասել Բայդենն ու Մակրոնը Էրդողանին

Ինչ են ասել Բայդենն ու Մակրոնը Էրդողանին

ԱՄՆ նախագահ Բայդենն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը դրական են գնահատել իրենց հանդիպումը, որ ՆԱՏՕ-ի Վեհաժողովի շրջանակում տեղի ունեցավ հունիսի 14-ին: Միևնույն ժամանակ, երկուստեք դրական հանդիպման մասին խոսել են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Էրդողանը: Սյդ հանդիպումն էլ տեղի է ունեցել հունիսի 14-ին: Երկու հանդիպումների համատեքստում էլ կողմերն իհարկե չեն խոսում տարաձայնությունները հաղթահարելու մասին, սակայն դրական արտահայտվելով, թերևս նախանշում են այդուհանդերձ նաև ընդհանուր պայմանավորվածություններ: Իսկ դա ուշադրության է արժանի նաև մեզ համար, քանի որ Թուրքիայի հետ ՆԱՏՕ գործընկերների ընդհանուր պայմանավորվածությունները անկասկած կարող են ներառել Կովկասը, որտեղ Արցախի դեմ պատերազմով իրեն հաստատել է Թուրքիան, և կարող են ազդեցություն ունենալ Կովկասում հաստատված ռուս-թուրքական ձևաչափի հանդեպ: Այլ կերպ ասած, ՆԱՏՕ-ի գործընկերների հետ որոշակի պայմանավորվածության պարագայում Թուրքիան իրեն կարող է զգալ առավել ինքնավստահ, իսկ դա իր հերթին կնշանակի, որ Ռուսաստանը կամ ինքը պետք է գա Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ հետ այնպիսի պայմանավորվածության, որից կստանա ոչ պակաս վստահություն և թույլ չի տա Թուրքիային ունենալ առավելություն, կամ Ռուսաստանը ստիպված կլինի Արևմուտքի հետ կոշտ դիմակայությունը շարունակելու համար ընդունել Թուրքիայի պայմանները և այդ համատեքստում լրացուցիչ զիջումների կարող է գնալ, կամ այդ հարցը կարող է ռուս-թուրքական օրակարգում հայտնվել նաև Կովկասի առումով: Այդ իմաստով բոլորովին պատահական կամ զուգադիպություն չէ այն, որ հունիսի 16-ին սպասվող Բայդեն-Պուտին հանդիպմանը զուգահեռ, Բայդենի ու Մակրոնի հետ իր հանդիպումներից հետո Էրդողանը Ալիևի հետ մեկնում է փաստացի ռուս-թուրքական սահմանի վերածված Շուշի: