Քոչարյանը համակարգային կոռուպցիայի ճարտարապետն է և  գլխավոր շահառուն. Նա տանել չի կարողանում կրթված մարդկանց

Քոչարյանը համակարգային կոռուպցիայի ճարտարապետն է և գլխավոր շահառուն. Նա տանել չի կարողանում կրթված մարդկանց

Սորոսական գրասենյակները կարգելվեն կամ դրանց գործունեությունը խիստ կսահմանափակվի: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով՝ նախ կձևավորվի օրենսդրական բազա, որից հետո կամ կսահմանվեն խիստ կսահմանափակումներ, կամ այդ կազմակերպությունների գործունեությունը կարգելվի: «Կամ նրանք կարգելվեն, կամ կգործառնեն՝ որպես միջազգային գործակալներ խիստ վերահսկողության ներքո»,-ասել է Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ նույն այդ արևմտյան երկրներում գործում են խիստ սահմանափակումներ արտաքուստ ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության կապակցությամբ: «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի դիտարկմանը, նկատեց, որ որքանով ինքը տեղյակ է Բաց հասարակության հիմնադրամները ֆինանսավորում են Հայաստանի մի շարք ոլորտներում հասարակական կազմակերպությունների իրականացվող ծրագրերը: Հայտնի է, որ այն ֆինանսավորել է նաև Երևանի պետական համալսարանին և անգամ Հայ առաքելական եկեղեցուն: «Հիմա Քոչարյանը ո՞ր գործերի համար է պատրաստվում փակել ԲՀՀ գրասենյակները: Կռահում եմ, օրինակ, որ Քոչարյանը իր անձնական թշնամի կարող է համարել ոչ միայն ԲՀՀ-ին, այլ բոլոր այն կազմակերպություններին և փորձագետներին, ովքեր ֆինանսավորում են հակակոռուպցիոն հետազոտություններ և կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ ինքը Հայաստանի նորանկախ հանրապետությունում համակարգային կոռուպցիայի ճարտարապետն է և գլխավոր շահառուն: Կամ, օրինակ, նա կարող է դժգոհ լինել նրանից, որ ԲՀՀ-ն ֆինանսավորում է Հայաստանով մեկ գրադարանային ցանցերի զարգացումը, դրանց էլեկտրոնայնացման աշխատանքները, քանի որ Քոչարյանը տանել չի կարողանում կրթված մարդկանց: Կարելի է նաև կռահել, որ Քոչարյանը, օրինակ, ահավոր նեղված է, որ ԲՀՀ-ն ֆինանսավորել է հայաստանյան բուհերի զարգացումը, քանի որ դա հենց այն միջավայրն է, որը ծնունդ է տալիս մտածող, առաջադեմ երիտասարդության, որը միշտ էլ դեմ է եղել ցանկացած ջեբկիր ավտոկրատի՝ լինի դա Քոչարյանը թե նրա ժառանգորդ Սերժ Սարգսյանը»,-ասաց Խուշուդյանը՝ հավելելով, որ ընդհանրապես, Քոչարյանը, հավանաբար վրեժ ունի լուծելու ոչ միայն ԲՀՀ հայաստանյան գրասենյակից, այլ ամբողջ քաղաքացիական հասարակությունից, որը պայքարել է Հայաստանում ժողովրդավարության, ազատ մամուլի, ազատ ընտրությունների ինստիտուտի հաստատման համար: «Բայց զավեշտն այն է, որ Քոչարյանը այժմ փորձում է ռեվանշի հասնել, իշխանության գալ՝ հայ ժողովրդի երկարատև պայքարի արդյունքում ձևավորված հենց այդ ժողովրդավարական իստիտուտները օգտագործելով, իսկ ես կասեի՝ չարաշահելով»,-եզրափակեց մեր զրուցակիցը։