Եվրո-2020․ Իսպանական անտիֆուտբոլն ու Լևանդովսկու շրջափակումը

Եվրո-2020․ Իսպանական անտիֆուտբոլն ու Լևանդովսկու շրջափակումը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Հոլանդիա-Ուկրաինա դիտարժան հանդիպմանը հաջորդեց Իսպանիա-Շվեդիա դժգույն և ձանձրալի մրցավեճը։ Սևիլիա քաղաքում կայացած խաղի մեկնարկային 45 րոպեների ընթացքում Իսպանիայի հավաքականն ակնհայտ առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Շվեդները երբեմն սուր գրոհում էին: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսը նույն զարգացումն ունեցավ` Իսպանիան գրոհում էր, սակայն գրոհների վերջնամասում դիպուկություն չկա, շվեդները երբեմն հակագրոհում էին, բայց կրկին անարդյունք: Շվեդները պաշտպանությունում գործում էին շատ զգոն: Կարճ ասած մրցաշարի ֆավորիտների շարքում դասվող իսպանացիները ցուցադրեցին անտիֆուտբոլ, որի հեղինակը այս հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն էր։ Զգալով, որ կարճ փոխանցումներով այսպես ասած տիկի տակա մարտավարությունն ուղղակի չի աշխատում, այս մասնագետն այնուամենայնիվ ձեռնամուխ չեղավ փոփոխություններ կատարել։ Շվեդներին ոչինչ չէր մնում անել, քան ամուր կանգնել եռաշերտ պաշտպանությունում։ «Մրցակիցը որոշել էր խաղալ պաշտպանությունից՝ օգտագործելով հակագրոհները: Նրանք նույնիսկ հաղթելու շանս ունեին: Արդյունքում՝ ոչ-ոքի գրանցվեց: Ցավում եմ երկրպագուների և ֆուտբոլիստների համար: Ուզում էինք հաղթանակը նվիրել երկրպագուներին: Փորձում էինք պահեր ստեղծել, բայց խոտածածկի որակը լավը չէր: Ֆուտբոլիստները դժգոհում էին: Մորատան հիանալի ֆուտբոլիստ է, որը շատ լավ է աշխատում ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանվելու ժամանակ»,- խաղից հետո ասել է Էնրիկեն։ Ի դեպ, երեկվա Հանդիպման ընթացքում Իսպանիան 17 հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ։ Սա աշխարհի 2010 թվականի առաջնության առաջին տուրի Շվեյցարիայի դեմ խաղից հետո առանց գոլի ամենաշատ հարված կատարած խաղն է Իսպանիայի համար խոշոր մրցաշարերում։Շվեյցարիայի հետ խաղում Իսպանիան կատարել էր 25 հարված։ Այդ հանդիպումն ավարտվել էր իսպանացիների պարտությամբ։ Ինչէ, երեկ բացի Իսպանիայի անակնկալ անհաջողությունից, փոքրի սենսացիա մատուցեց Սլովակիայի հավաքականը, որն ընդգրկված է Е խմբում։ Մասնավորապես, սլովակները Սանկտ-Պետերբուրգի համանուն մարզադաշտում մրցեցին Լեհաստանի հավաքականի հետ: Հանդիպման հաշիվն առաջինը 18-րդ րոպեին բացեց Սլովակիայի ընտրանին: Սակայն ինքնագոլի գրանցվեց Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցև Շենցինից: Լեհերը երկրորդ կեսի հենց մեկնարկին` 46-րդ րոպեին, կարողացան հավասարեցնել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Լինետին: Բայց 62-րդ րոպեի լեհերը մնացին 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Գժեգոժ Կրիխովյակը: Սլովակներն օգտագործեցին իրենց թվային առավելությունը և առաջ անցան հաշվի մեջ: 69-րդ րոպեին հաղթական գնդակի հեղինակ դարձավ Շկրինիարը: Ունենալով անհամեմատ ավելի ուժեղ կազմ՝ լեհերը ձախողվեցին բառի բուն իմաստով։ Մասնավորապես, լեհ ֆուտբոլիստները փորձում էին խաղը կառուցել թիմի առաջատար Ռոբերտ Լևանդովսկու միջոցով։ Սլովակները իրենց հերթին շրջափակման մեջ էին վերցրնել «Բավարիայի» հարձակվողին, ինչի հետևանքով լեհերի գրոհները չէին ստացվում։ Ինչ խոսք, կարմիր քարտը բեկեց հանդիպման ընթացը, բայց․․․։ Առաջին 45 րոպեների ընթացքում Լեհաստանը թափթփված խաղ ցուցադրեց և գրանցված արդյունքը միանգամայն տրամաբանական կարելի է համարել։ Այսօր կսկսվի պայքարը մահվան F ենթախմբում, որտեղ ընդգրկված են Ֆրանսիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հունգարիայի հավաքականները։ Եվրոպայի գործող չեմպիոն պորտուգալացիները կմրցեն Հունգարիայի¸իսկ գերմանացիները՝ Ֆրանսիայի հետ։ Մինչ այս ասպարեզ դուրս եկած ֆավորիտ հանդիսացող հավաքականներից այս պահին կարելի է առանձացնել թերևս Իտալիայի հավաքականին, որը 3։0 հաշվով վստահ հաղթանակի էր հասել Թուրքիայի նկատմամբ։ Բայց հաշվից իտալացիները ցուցադրեցին հագեցած և գրագետ խաղ։ Կարելի է առանձնացնել նաև Հոլանդիայի և Ուկրաինայի հավաքականներին, որոնք մեկնարկային խաղում մրցեցին միմյանց հետ։ Ամեն դեպքում առաջին տուրից հետո միանշանակ գնահատական տալը ճիշտ չի լինի։ Երկրորդ փուլի ավարտից հետո, պատկերը շատ ավելի հստակ կլինի։ Սպասելիքները մեծ են այսօր կայանալիք Ֆրանսիա-Գերմանիա մրցավեճից։