Սերժ Սարգսյանը բաց չի թողնում Ռոբերտ Քոչարյանին. Ադենաուերի «էֆեկտը»

Սերժ Սարգսյանը բաց չի թողնում Ռոբերտ Քոչարյանին. Ադենաուերի «էֆեկտը»

ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի պետ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, թե իրենք չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա ընտրությունից հետո, եթե անցնեն խորհրդարան, արժանացել է հանրային նկատելի ուշադրության: Ռոբերտ Քոչարյանի շրջանակում, սակայն, Դավիթ Հարությունյանի հայտարարոթյունը թերևս ընդունվել է թերևս առանց ոգևորության: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր կոալիցիայի մասին Հարությունյանի հայտարարությունը հակառակն է այն խնդրի, որ տարիներ շարունակ, այդ թվում և այժմ նախընտրական շրջանում փորձում է լուծել Ռոբերտ Քոչարյանը: Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանը փորձում է տարանջատվել ՀՀԿ-ից, Սերժ Սարգսյանից, նրա հետ, նրա առաջնորդած ուժի հետ ասոցացումից: Ռոբերտ Քոչարյանը փորձում է անմասն մնալ այն պատասխանատվությունից, որ կա Սերժ Սարգսյանի վրա, լինի այն օբյեկտիվ, թե սուբյեկտիվ: Ռոբերտ Քոչարյանը բառացիորեն օրերս հայտարարել է, որ 2009 թվականից ի վեր անգամ շփում չի ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Եվ ահա, այդ ամբողջ ջանքի ֆոնին, Սերժ Սարգսյանի շտաբի պետը հայտարարում է, որ իրենք չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիան, այդպիսով տեղիք տալիս մտորումների, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խաղում են նույն խաղը: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը միանգամայն ճշգրիտ արձանագրել է, որ հանրային այն շերտերը, որոնք պատրաստ են ձայն տալ իրեն՝ ինչ-ինչ նկատառումներով, բավականին բացասական են տրամադրված Սերժ Սարգսյանի հանդեպ և Ռոբերտ Քոչարյանի օգտին պատրաստ են քվեարկել ոչ միայն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդեմ Սերժ Սարգսյանի: Շատ է այդ շերտը, թե քիչ, ըստ էության երկրորդական հարց է, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ունի հանրային այնքան սակավ վստահություն, որ անգամ փոքր շերտի աջակցությունը, հատկապես առանց նյութական մոտիվացիայի ձեռք բերվելու հնարավորությամբ, ունի առանցքային նշանակություն: Դավիթ Հարությունյանը հետընտրական կոալիցիա չբացառելու իր հայտարարությամբ շոշափելի հարվածի տակ է դնում երկրորդ նախագահի ու նրա թիմի ջանքը: Ընդ որում հատկանշական է, որ այդ հայտարարությունը հենց հաջորդում է Քոչարյանի այն հայտարարությանը, որ ինքը որևէ կապ չունի 2008-ից հետո կառավարած համակարգի բարքերի հետ: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին պահում է այսպես ասած կառավարելի տարածության վրա՝ չի միանում նրան, բայց նաև բաց չի թողնում իրենից: Միաժամանակ, Սերժ Սարգսյանի համար դա իհարկե մարտավարական խնդիր է, թերևս այն արդիականացման ծրագրի շրջանակում, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ հեռանկարի առումով քննարկում էր գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ: Եթե Ռոբերտ Քոչարյանը հաստատվում է իր թիմով քաղաքական երկրորդ բևեռի դերում, ապա կասկածից վեր է, որ դա այսպես ասած «ընդմիշտ» է կամ շատ երկար ժամանակահատվածի համար, որովհետև այդ դասավորությունն ունի առավելապես արտաքին խթանիչ և պահանջարկ, այդ դասավորությունը Հայաստանի հարցում վերահսկելիության լուրջ լծակ է Ռուսաստանի համար: Ըստ այդմ, այդ ստատուս-քվոյի ձևավորման պարագայում, ՀՀԿ արդիականացման ծրագիրը կարելի է համարել պատռված և դեն նետված: Ըստ այդմ, ՀՀԿ քաղաքական դերը պահելու համար, Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է «մաշել»  Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դերը, ինչը նրա համար հնարավոր է միայն երկրորդ նախագահին «կառավարելի» տարածության վրա պահելու միջոցով: Ընդ որում, պետք չէ բացառել և այն, որ Սարգսյանը Կոնրադ Ադենաուերի հետ քննարկելով արդիականացման ծրագիրը, որպես հիմնական խնդիր դիտարկել է նաև հենց երկրորդ նախագահի խնդիրը, որպես այդ ճանապարհին առնվազն տեսանելի համայնապատկերում եղած գլխավոր խնդիր: