Միջազգային առումով Հայաստանի համար բարենպաստ իրավիճակ է, պարզապես իշխանություններն են կաթվածահար վիճակում

Միջազգային առումով Հայաստանի համար բարենպաստ իրավիճակ է, պարզապես իշխանություններն են կաթվածահար վիճակում

Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է Թուրքիայի առաջնորդի հետ այս շաբաթ կայանալիք հանդիպմանը ի թիվս այլ հարցերի նաև ղարաբաղյան խնդիրը քննարկել: «Չնայած առկա տարաձայնություններին` շատ կարևոր է շարունակել երկխոսությունը», - երեկվա ասուլիսում հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը: «Մենք խորը տարաձայնություններ ունենք և գիտենք դրանց մասին: Ժամանակ առ ժամանակ ունեցել ենք հակասություններ և ընդունել ենք այդ փաստը: Սակայն, անկախ այդ անհամաձայնություններից, մենք միշտ պետք է երկխոսենք: Ես կցանկանայի նախագահ Էրդողանի հետ խոսել ՆԱՏՕ-ի և անդամ պետությունների միջև վարքագծի կանոնների մասին։ Կցանկանայի խոսել Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին», - ասել է Մակրոնը: Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում պաշտոնական Փարիզը, և ինքը` Էմանյուել Մակոնը, քանիցս քննադատել էին Թուրքիային` խոսքով և գործով Ադրբեջանին աջակցելու համար: Ֆրանսիայի առաջնորդը նաև առաջինն էր, որ ուղիղ հայտարարեց Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանների մասին ու մեղադրեց Անկարային` ԵԱՀԿ միջնորդական խմբի ջանքերը խոչընդոտելու համար: Ռեջեփ Էրդողանն ի պատասխան անցած աշնանը մի շարք վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Մակրոնի հասցեին, պնդել անգամ, թե նա հոգեբույժի կարիք ունի, ինչից հետո Փարիզը ի նշան բողոքի Անկարայից ետ էր կանչել իր դեսպանին ու երկու ամիս ժամանակ տվել Անկարային` իր վարքագիծը փոխելու համար: Թուրքագետ Հակոբ Չաքրյանն  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ Էրդողան-Մակրոն հանդիպումը պայմանավորված է լինելու Բայդեն-Էրդողան հանդիպումով․ «Թուրքական հեռուստաընկերությունները նշում են, որ Էրդողանին բավականին ծանր հանդիպում է սպասվում Բայդենի հետ։ Պատժամիջոցները շարունակվում են կիրառվել, Սենատում կա բանաձև Էրդողանի ունեցվածքի, նրա ընտանիքի անդամների ունեցվածքի մասին։ Ինչպես նաև՝ այն գործիչների, նախարարների ու բարձրաստիճան զինվորականների մասին, որոնք մասնակցել ենք ռուսական Ս-400 ռուսական հակաօդային պաշտպանական համակարգ գնելու գործարքին։ Չնայած այդ հանդիպմանը, ԱՄՆ-ն որևէ զիջում չի արել։ Ավելին՝ Բլինքենը հայտարարել է, որ թեպետ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իրեն ամենևին ՆԱՏՕ-ի անդամի նման չի պահում, չի ցուցաբերում դաշնակցի կեցվածք։ Հավանաբար Բայդենն Էրդողանի հետ  հանդիպումից հետո եթե նույնիսկ Մակրոնին չհանդիպի՝ հեռախոսազրույց կունենա, որովհետև Մակրոնը Ֆրանսիայի նախագահն է,  նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչ, նույնը նաև Բայդենը։ Ուստի նրանք գործելու են համաձայնեցված՝ հիմնականում ընդդեմ Ռուսաստանի ու Պուտինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Չաքրյանի խոսքերով՝ Եվրամիության խնդիրը ոչ թե Թուրքիան է, այլ Էրդողանը․ «Էրդողանին  լռեցնեն, որ Թուրքիային տարանջատեն Ռուսաստանից։ Առաջիկայում Էրդողանին կզրկեն խուսանավելու հնարավորություններից»։ Որքան էլ միջազգայնորեն բարենպաստ իրավիճակ է Հայաստանի համար, ըստ մեր զրուցակցի, ներքին խնդիրները թույլ չեն տա Երևանին օգտվել ստեղծված իրավիճակից․ «Հայաստանում խայտառակ իրավիճակ է, մի հատ էլ՝ քարոզարշավը։ Իշխանությունները կաթվածահար վիճակում են, ընդդիմությունն էլ ազգային շահերից շատ հեռու է։ Ո՛չ Հայաստանի մասին են մտածում, ո՛չ հայ ժողովրդի։ Ընկել են՝ Պուտինին են խաղացնում, կամ լկտիաբար ասում ՝ Ղրիմը մերն է։ Սա անամոթություն է, մարդ պետք է արժանապատվություն չունենա, որ ռուս լրագրողի մոտ Հայաստանի վարչապետից բողոքի։ Ո՞ւմ եք բողոքում, գնա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին բողոքի, ինչ-որ Սոլովյովի ինչո՞ւ ես բողոքում։ Ուզում եմ ասել, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը ոչինչ անել չի կարող։ Հույս ունեմ, որ հունիսի 16-ին Բայդենը կհանդիպի Պուտինին։ Այդ հանդիպումն էլ Պուտինի համար է շատ ծանր լինելու, որովհետև և՛ Լավրովը և ՛ Պուտինը սսկվել են։ Վերջին շրջանում անընդհատ հայտարարություններ էին անում, իսկ Բայդենը լռության քաղաքականությունն է որդեգրել, չի պատասխանում։ Սրանք անընդհատ հայտարարություն էին անում՝ արձագանքի ակնկալիքով, որ իմանային, թե Բայդենն ինչ է մտածում, բայց նա էլ չի պատասխանում։ Հետևաբար Պուտինին ահագին ծանր հանդիպում է  սպասվում, նրան մարդասպան են անվանել, իսկ Բլինքենն էլ ասել է , որ Ռուսաստանը ոչ թե հակառակորդ է, այլ թշնամի»։ Հակոբ Չաքրյանի դիտարկմամբ՝ Պուտին-Բայդեն հանդիպմանը կքննարկվի նաև արցախյան հարցը․ «Միջազգային առումով մեր վիճակը լավ է, պարզապես  իշխանություններն են կաթվածահար։ Դա էլ ունի մի քանի պատճառ՝ Պուտինի հայատյացությունը, հայ ժողովրդին նսեմացնելու քայլերը։ Մյուսն էլ՝ իշխանություն-ընդդիմություն  քայլերը։ Նրանք մոռանում են, որ հաճոյանալը քաղաքական գործոն չէ, իրար միս են ուտում, որ Պուտինին հաճոյանան։Կարծես վերջին շրջանում Փաշինյանն այդ դիրքորոշումը վերանայել է»։